Երեկ Ռուբեն Հայրապետյանի գլխավորած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակեց ՈՒԵՖԱ-ի նամակը Գյումրիի «Շիրակի»՝ Երևանի «Բանանցի» հետ պայմանավորված հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Ըստ ՀՖՖ-ի՝ ՈՒԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակի» դեմ և լիակատար աջակցություն է հայտնել հայաստանյան թիվ մեկ ֆուտբոլային կառույցին արատավոր երևույթները կանխելու համար:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հայկական «Շիրակ» ակումբի նկատմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերջերս ձեռնարկված միջոցների վերաբերյալ հայտնում ենք, որ ՈՒԵՖԱ-ն պատշաճ տեղեկացվել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշման մասին: Մասնավորապես հարկ է նշել, որ այս իրավական որոշումները լիարժեք համահունչ են 2014թ. մարտի 27-ին Աստանա քաղաքում ՈՒԵՖԱ-ի XXXVIII հերթական համաժողովում ընդունված «Եվրոպական ֆուտբոլը միասնական է արդար խաղի համար» վերնագրված բանաձևին, համաձայն որի՝ ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաները միասնական են պայմանավորված խաղերի դեմ պայքարում և ձեռնարկում են կոնկրետ գործողություններ և կիրառում արդյունավետ քաղաքականություն՝ դրանք արմատախիլ անելու նպատակով: ՀՖՖ-ն, իր հերթին, հավատարիմ մնալով իր սեփական կանոնակարգերին և գործընթացներին, ենթարկվելով ազգային օրենսդրության պահանջներին, կիրառում է կարգապահական գործառույթներ՝ հակազդելու համար ֆուտբոլային խաղի ոչ սպորտային, անբարեխիղճ կամ կոռուպցիոն դրսևորումներին: Հաջորդիվ, ՀՖՖ գործողություններն ուղղակիորեն ներդաշնակ են ՈՒԵՖԱ-ի կանոնադրությանը, որը սահմանում է, որ ՈՒԵՖԱ-ի գլխավոր նպատակն է երաշխավորել սպորտային մրցաշարերի կանոնավոր և ճիշտ գործելը, ինչպես նաև պաշտպանել ֆուտբոլը ցանկացած տիպի ոտնձգությունից: Այս համատեքստում մենք առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՖՖ-ին` Հայաստանում պայմանավորված խաղերի իրականացման դեմ գործադրած ջանքերի և ձեռնարկած կոնկրետ միջոցառումների համար: ՈՒԵՖԱ-ն կշարունակի հետևել իրավիճակին և համապատասխանաբար կխնդրի ՀՖՖ-ին իրեն տեղեկացված պահել»:
ՀՖՖ-ի կողմից հրապարակված այս նամակը ոչ միանշանակ արձագանք է ստացել հատկապես գյումրեցի երկրպագուների շարքերում: Երկրպագուների մեջ տարակուսանք է առաջացրել այն հանգամանքը, որ ՀՖՖ-ն առաջին անգամ է հրապարակում ՈՒԵՖԱ-ի դիրքորոշումը: Վերջին շրջանում մեր երկրում բազմաթիվ են եղել պայմանավորված խաղի դրսևորումներ, որոնց վերաբերյալ ՈՒԵՖԱ-ն հանդես է եկել պաշտոնական զեկույցներով: Այդ զեկույցները, սակայն, տեղ չեն գտել ՀՖՖ-ի պաշտոնական կայքում:
Այս տարվա հունվարին Ռուբեն Հայրապետյանը դիմել էր ԱԱԾ: Նա հաղորդում էր ներկայացրել, որ ՈՒԵՖԱ-ն ուսումնասիրություն է ներկայացրել, ըստ որի՝ կասկածվում է, որ 2017 թ. նոյեմբերի 20-ին կայացած Հայաստանի Առաջին խմբի 2017-18 մրցաշրջանի առաջնության 12-րդ տուրի «Լոռի»-«Էրեբունի» հանդիպման հաշիվը, հնարավոր է, պայմանավորված է եղել: Հետաքրքիր է՝ արդյոք այդ խաղից հետո ՈՒԵՖԱ-ն աջակցություն հայտնե՞լ էր ՀՖՖ-ին պայմանավորված հանդիպումների դեմ պայքարելու համար: Կամ եթե նամակ է ուղարկել ՈՒԵՖԱ-ն, ապա ինչո՞ւ այն չի հրապարակվել ՀՖՖ-ի պաշտոնական կայքում: Նման օրինակները բազմաթիվ են:
Ի՞նչ է ստացվում. ՀՖՖ-ն հրապարակում է այն նամակը, որը ձեռնտու է Ռուբեն Հայրապետյանին: Դիմելով «Առաջին լրատվական»-ին՝ «Շիրակի» երկրպագուները ՀՖՖ-ից պահանջում են հրապարակել ՈՒԵՖԱ-ի նամակի բնօրինակը, քանզի կասկածներ կան, որ նամակի տեքստը կարող է փոխված լինել:
Հիշենք, որ ընդամենը շաբաթներ առաջ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը ուղղակի խեղաթյուրել էր ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի և Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքը: Նշենք, որ ՀՖՖ-ն դեռևս մաս է կազմում Հանրապետական կուսակցության, և նմանօրինակ քայլերը այս կառույցի համար պետք է սովորական երևույթ համարել:
ՀՖՖ-ին հղված նամակի հեղինակը ՈՒԵՖԱ-ի արդար խաղի պաշտոնյա Նիկոլաս Ռադունեսկին է: Նա սովորաբար զբաղվում է թերի զարգացած ֆուտբոլային երկրներում պայմանավորված խաղերի ուսումնասիրություններով: Մասնավորապես, 2015 թվականին Ռադունեսկին ակտիվ մասնակցություն էր ունեցել Վիետնամում տեղի ունեցած պայմանավորված խաղերի քննությանը: «Շիրակի» երկրպագուները խնդրանքով դիմում են նաև Ռադունեսկուն, որպեսզի նա մամուլի միջոցով հրապարակի իր կարծիքը «Շիրակի» հետ կապված: Երկրպագուները ՀՖՖ-ից պահանջում են հրապարակել ՈՒԵՖԱ-ի բոլոր նամակները Հայաստանում տեղի ունեցած պայմանավորված խաղերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը և ՀՖՖ-ի նրա աշխատակազմը, թքած ունենալով դատարանի և նրա որոշման վրա, 12 միավորից ապօրինի զրկել էին Գյումրիի «Շիրակին»՝ Հայաստանի չեմպիոն «սարքելով» Երևանի «Ալաշկերտին»:









































