Այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բարձր գնահատեց Մարդու իրավունքների պաշտպանի կատարած գործունեությունը, սակայն նշեց, որ դրանով չի կարելի բավարարվել:
Նրա խոսքով՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, կարելի է ասել, անմխիթար վիճակում է. «Աշխատանքից ազատված աշխատողը մենակ է մնում գործատուի հետ դեմ հանդիման: ՄԻՊ-ը պետք է գործուն միջամտություն ունենա այս ոլորտում: Խոշոր գործատուներ համարվող հանրային նշանակության սուբյեկտների մեծ մասը գործում է օտարերկրյա կապիտալով: Եվ թվում է, թե իրենք արտոնյալ են, և իրենց վրա ՀՀ օրենսդրությունը չի տարածվում: Բայց ես ուզում եմ նրանց հիասթափեցնել, և այստեղ մեծ աշխատանք ունի ՄԻՊ-ը»:
Պատգամավորը Արման Թաթոյանին կոչ արեց ուշադիր լինել հանրային նշանակության սուբյեկտների մոտ աշխատակազմը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին. «Ձևականորեն են հայտարարվում այդ մրցույթները, իրականում չկա այդպիսի բան, իրականում տվյալ պաշտոնը զբաղեցնում է այն անձը, ում տվյալ հիմնարկի ղեկավարը ցանկանում է»:
Գևորգի Պետրոսյանի համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը լուրջ անելիք ունի նաև մարդու իրավունքների ոտնահարումը կանխարգելելու ոլորտում:
Նա բարձր գնահատեց փողոցում իրականացված բողոքի ակցիաների մասնակիցների իրավունքների նկատմամբ Արման Թաթոյանի սրտացավ վերաբերմունքը. «Հետևողական եղեք արձանագրված դեպքերով կոնկրետ մեղավոր անձանց օրենքով սահմանված կարգով արդարացի պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































