«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցել իր գործընկեր՝ ՀԱԿ խմբակցության հարցապնդման քվեարկությանը, որը տեղի է ունեցել խորհրդարանում: Հարցապնդումը վերաբերել է կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներին:
Ոչ մի կասկած չկա, որ ԲՀԿ-ի քվեարկությունը հարցապնդումը չէր փրկելու ՀՀԿ-ի մեծամասնական ամբարտավան ու ցինիկ մերժումից, քանի որ բացարձակ մեծամասնությունն այդ կուսակցությանը լիակատար հնարավորություն է տվել ապահովելու սեփական կոռուպցիոն անձեռնմխելիությունը, ապահովելու երկրի այն թալանը, որ իրականացնում են 1999 թվականից սկսած՝ որպես խորհրդարանական մեծամասնություն, նախ՝ Ռոբերտ Քոչարյանի, հիմա Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
ԲՀԿ պատգամավորները քվեարկությանը իրենց չմասնակցելը պայմանավորել են նրանով, որ ՀԱԿ-ի նախաձեռնության հետ ունեցել են որոշ անհամաձայնություններ: Մի՞թե այդ անհամաձայնություններն այնպիսին էին, որ անգամ թույլ չէին տալիս բարոյական և քաղաքական աջակցություն հայտնել ՀԱԿ-ին իրենց քվեարկությամբ՝ այն դեպքում, երբ պարզ էր, որ ՀՀԿ-ն տապալելու է նախաձեռնությունը: Թե՞ ԲՀԿ-ում վախենում էին, որ հանկարծ կարող էր տեղի ունենալ թյուրիմացություն, և իրենց քվեարկության արդյունքում մեկ էլ նախագիծը անցներ:
Այս դրվագը ներկայիս իրավիճակում խիստ խորհրդանշական է՝ Հայաստանի, այսպես ասած, ընդդիմադիր ներկայացող քաղաքական ուժերում առկա վիճակը, այդ դաշտում առկա մթնոլորտը և պոտենցիալը արձանագրելու համար:
Խնդիրն այն է, որ Հայաստանի այսօրվա վիճակի համար առաջնային, գլխավոր, գերագույն պատասխանատուն լինելով իշխանությունները, այնուհանդերձ՝ պատասխանատու են համարվում նաև հանրային գիտակցության մանիպուլյացիայով զբաղված քաղաքական ուժերը: Եթե նրանք ընդդիմադիր են, սակայն չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ անգամ կոռուպցիայի նման կարևորագույն հարցի վերաբերյալ ընդամենը խորհրդանշական նշանակություն ունեցող հարցի շուրջ, ապա ինչ կարող է ակնկալել հասարակությունն այդ ուժերից որևէ կարևոր պետական հարցում: Ըստ որում, կոռուպցիայի հարցը առանցքային հարցերից է, այսինքն՝ Հայաստանի համար մի ամբողջ շարք ներքին ու արտաքին խնդիրների պատճառն է, աղբյուրը, հիմքը:
Ներկայիս իշխանության կոռումպացվածությունն է պատճառը, որ արտաքին ճնշումների առաջ այդ իշխանությունը հայտնվել է ցայտնոտի վիճակում և ուժի որևէ կենտրոնի ըստ էության չի կարողանում «ոչ» ասել՝ արդյունքում խճճվելով արտաքին խնդիրների ցանկում:
Եվ այստեղ պարզվում է, որ խորհրդարանում չկա համակարգային այդ արմատի դեմ ընդդիմադիր ուժերի միասնական քվեարկություն. անգամ խորհրդարանի ամենամեծ, այսպես ասած, ընդդիմությունը կամ այլընտրանքը փաստորեն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում որպես այլընտրանք ներկայացնում է ընդամենը չքվեարկելը:
Այս ամենն անշուշտ անսպասելի չէ: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հասարակությանը ի ցույց են դրել սինխրոն գործունեության բազմաթիվ օրինակներ՝ թե ընտրակեղծիքները լեգիտիմացնելու, թե այլ հարցերի մասով:
Այստեղ, սակայն, խնդիրն այլ է և շատ պարզ: ԲՀԿ-ն գործարարների կուսակցություն է, և նրա խորհրդարանական խմբակցությունում գործարարների տեսակարար կշիռը ՀՀԿ-ից երևի պակաս էլ չէ: Իսկ ինչ է նշանակում Հայաստանում գործարար, այն էլ՝ գործարար պատգամավոր: Դա արդեն ինքնին կոռուպցիա է՝ գումարած այն, որ Հայաստանում համակարգը ըստ էության թույլ չի տա լինել քիչ թե շատ ծավալներ ունեցող գործարար և զերծ մնալ կոռուպցիոն համաձայնություններից իշխանությունների հետ, որովհետև այլ կերպ Հայաստանում իշխանությունը թույլ չի տա որևէ մեկին գործարարությամբ զբաղվել:
Ինչ խոսք, գործարարների մի հսկայական մասը այստեղ զոհ է՝ համակարգի կանոնների զոհը, սակայն նրանց մի մասն էլ ըստ էության հարմարվել և օգտվում է այդ կանոններից: Եվ այդ մասից են նաև շատ ԲՀԿ-ականներ: Օրինակ՝ պատգամավոր Միքայել Մելքումյանին ԱԺ էթիկայի հանձնաժողովում, այսպես ասած, մաքուր հանեցին՝ այն դեպքում, երբ տարածված տեսանյութում հստակ էր, թե նա ինչպես է բիզնես գործունեությամբ զբաղվում և տարածքի վարձակալությունը տրամադրելու հարցերի հետ կապված ընդունելություն կազմակերպում:
Եթե այս ամենին գումարվում է նաև այն, որ Հայաստանում կոռուպցիան նոր չէ, իսկ ԲՀԿ-ն էլ ընդամենը մի քանի տարի առաջ այդ կոռումպացված իշխանության մաս էր, ապա պարզ է դառնում, թե որն է այս ամենում առանցքաին խնդիրը, պարզ է դառնում նաև, որ Հայաստանն այս տեսանկյունից տարօրինակ, կարելի է ասել՝ նույնիսկ աբսուրդային վիճակում է, քանի որ կոռուպցիան վտանգավոր է և իշխանությունների, և խորհրդարանական ամենամեծ ընդդիմության համար:
Այս ամենը պետության համար աղետալի է, որովհետև ոչ միայն քաղաքական համակարգի առողջացման առումով է ստեղծվել փակ շրջան, այլ նաև քաղաքական պատասխանատվության առումով:
Լուսանկարը՝ Ֆոտոլուր-ի








































