Իրանի միջուկային էներգետիկայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը ցույց է տալիս, որ Վաշինգտոնին չի կարելի վստահել:
«Ամերիկացիների գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկիրը միջազգային գործարքներում վստահության արժանի չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն խոստացել է օգնել գործարքը պահպանելու հարցում՝ չնայած դրանից ԱՄՆ-ի դուրս գալուն:
«Հուսով եմ՝ նրանց ջանքերը հաջողությամբ կպսակվեն»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի՝ 2015թ. Իրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:









































