Իրանի հետ աշխատող եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հավանականություն կա, սակայն հավանական է նաև, որ եվրոպական երկրներն ի վերջո աջակցեն միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն։ Նման կարծիք է հայտնել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է CNN-ը։
Բոլթոնը կարծում է, որ եվրոպացի առաջնորդները կաջակցեն ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ չնայած, որ նրանք քննադատել են նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։
«Այն (համաձայնագիրը) Իրանին զերծ չի պահում միջուկային զենք ստանալուց։ Այլ ճիշտ հակառակը։ Այն քողարկում է Իրանի աշխատանքն այդ ուղղությամբ։ Եթե համաձայնագիրն ուժի մեջ մնար, այն Իրանի հսկայական տնտեսական արտոնություններ կտար՝ առանց Իրանի կողմից որևէ արդյունքի երաշխիքի»,-հայտարարել է նա։
Բոլթոնի կարծիքով՝ Իրանը «երբեք միջուկային զենքից հրաժարվելու ռազմավարական որոշում չի կայացրել» և «ստուգում է համաձայնագրի դրույթների սահմանները՝ երբեմն նույնիսկ դրանք շրջանցելով»։







































