Որևէ կասկած չկա, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր այսօրվա ասուլիսը հրավիրել էր`«Առաջին լրատվականին» հարձակման թիրախ դարձնելու համար: Համենայն դեպս, ֆուտբոլային տխրահռչակ օլիգարխի ասուլիսի ներածական մասը նվիրված է եղել բացառապես մեր կայքին, որին Հայրապետյանը մեղադրել է հերյուրանքներ տարածելու, քաղաքական նոր իրավիճակում շանտաժ անելու մեջ:
Անկեղծ ասած` նույնիսկ անպատվաբեր է` արյունոտ ու կեղտոտ գործերի մեջ թաթախված այս մարդուն պատասխանելը: Կարող ենք միայն վստահաբար արձանագրել, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունը մեզ բացարձակապես չի անհանգստացնում կամ առիթավորում, որովհետև մենք անշեղորեն հավատարիմ ենք մեր առաքելությանը, որը չի ենթարկվում քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությանը, որևէ իշխանության կամ օլիգարխի քմահաճույքին: Քաղաքական իրավիճակի փոփոխությունից անհանգստանալու առիթ ունի քրեաօլիգարխիան, որի շատ ներկայացուցիչների ու նաև` Ռուբեն Հայրապետյանի համար, քրեական օրենսգիրքը պարզապես արտասվում է:
«Չկա մի մարդ որ կարա ինձի պարտադրի հեռանամ: Ոնց եք պատկերացնում որ ես հեռանամ: Ձեր կամ ուրիշի ասելո՞վ»,- այսօր ասել է Հայրապետյանը պատասխանելով լրագրողի հարցին ու զարմանում ենք, որ այս մարդն ամբողջովին կորցրել է ադեկվատությունը, իրականության զգացումը, ժամանակի զգացողությունը: Ռուբեն Հայրապետյանը կործանել է հայկական ֆուտբոլը և դեռ մտածում է ֆեդերացիայում իր պաշտոնը հավերժացնելու մասին` դասեր չքաղելով անգամ իր կուսակցական առաջնորդ Սերժ Սարգսյանը դառը ճակատագրից, ով հեռացավ իր սխալը ընդունածի ինքնախոստովանությամբ: Սերժ Սարգսյանի ժամանակներն անցել են, ու Հայրապետյանն ոչ միայն կարող է հեռանալ իր պաշտոնից, այլ նաև պատասխանատվության ենթարկվել սեփական կամ շրջապատի բազմաթիվ հանցագործությունների համար:
Այսօրվա ասուլիսում Հայրապետյանի ագրեսիվ պահվածքը, «Առաջին լրատվականի» հետ հաշիվ մաքրելու փողոցային մոլուցքը հուշում են, որ մեր փաստարկները միանգամայն տեղին են և «Շիրակ» ֆուտբոլային ակումբն, ըստ էության, դարձել է Հայրապետյանի քինախնդրության հերթական զոհը:
Գյումրիի «Շիրակի» շուրջ պայմանավորված հանդիպում անցկացնելու մասին տեղեկությունը կարող է քաոսային իրավճակ ստեղծել հայկական ֆուտբոլում: Օրեր առաջ ՀՖՖ-ն հանդես եկավ հայտարարությամբ, պնդելով, որ «Շիրակ» ակումբը փորձել է այսպես ասած խաղ սարքել: ՀՖՖ-ի հաղորդագրության համաձայն «Բանանց» ֆուտբոլային ակումբը դիմում է ներկայացրել ՀՖՖ՝ կազմակերպված խաղի մասին տեղեկություններ տրամադրելով: ՀՖՖ-ն պնդում է, որ ունի ձայնագրություններ, ինչը հիմք ընդունելով` «Շիրակից» հանվել է 12 միավոր` ըստ էության, թիմից խլելով չեմպիոնությունը, որովհետև առաջնության ավարտից ընդամենը մի քանի տուր առաջ Գյումրիի ակումբը մրցաշարային աղյուսակի առաջատարն է:
«Շիրակում» Հայրապետյանի մեղադրանքները հերքում են և այս պարագայում տրամաբանական կլիներ, եթե ՀՖՖ-ն` հապճեպ որոշում կայացնելուց առաջ, դիմեր իրավապահներին` գոնե պարզելու համար, թե ինչքանով են օբյեկտիվ «Բանանց» ներկայացրած փաստերը կամ` իրակա՞ն, թե՞ սարքովի է հիմք ընդունված ձայնագրությունը(ի դեպ, դա է հուշում միջազգային փորձը): Հայրապետյանը նման բան, բնականաբար, չի արել, որովհետև «Շիրակը» վաղուց նրա «սև ցուցակում» է և խնդիր էր դրված ամեն կերպ «կոտրել» ակումբին:
«Սև ցուցակով» աշխատելը Հայրապետյանի գործելաոճի անքակտելի մասն է. դրա զոհերն են դարձել տաղանդավոր ֆուտբոլիստներ` պատճառ դառնալով նրա, որ այսօր ունենք անատամ ու թույլ հավաքական: Տակավին վերջերս Ռուբեն Հայրապետյանի գործուն ջանքերով հայկական ֆուտբոլից հեռացավ մեր ամենատաղանդավոր ու հեռանկարային մարզիչներից մեկը` Աբրահամ Խաշմանյանը: Սա էլ, թերևս, տեղի ունեցավ «Գանձասարի» չեմպիոնական հեռանկարը չեզոքացնելու նպատակով: Տարիներ շարունակ «Արարատ» ֆուտբոլային ակումբն է եղել Հայրապետյանի ագրեսիվ գործելաոճի թիրախը` նրան «պարտական» լինելով այսօրվա խղճուկ վիճակի համար:
Հայկական ֆուտբոլում կատարյալ բեսպրեդել է. Հայրապետյանն է որոշում` ով պետք է խաղա հավաքականում կամ որ թիմը կարող է դառնալ չեմպիոն:
Ի դեպ, Հայրապետյանը «բացահայտումների» թեմայով ունի տխուր նախադեպ:
2004 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում 2003 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած Հայաստան-Հունաստան հանդիպումից հետո Հայրապետյանը դարձյալ պնդում էր, որ ունի ձայնագրություն, որը ապացուցում է, թե հույները փորձել են խաղը «գնել»: ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն չհավատացին Հայրապետյանի ոչ արցունքներին, ոչ էլ` ձայնագրությանը:
Հիմա «Առաջին լրատվականն» է հայտնվել Հայրապետյանի «սև ցուցակում»: Սակայն մենք փիլիսոփայորեն ու նույնիսկ հումորով ենք վերաբերվում այս փաստին, որովհետև Նեմեց մականունով հայտնի օլիգարխի ժամանսկը կանգ է առել ու հեռու չէ նրա հրաժարականի պահը` սեփական սխալի ընդունման ինքնախոստովանական զեղումով:







































