ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Իրանի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից (ՀՀԳԾ) ԱՄՆ-ի դուրս գալը։ Կրեմլի մամլո ծառայությունը հաղորդում է, որ կողմերի պնդմամբ՝ «ՀՀԳԾ-ի պահպանումը սկզբունքայնորեն կարևոր նշանակություն ունի միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար, ինչպես նաև գլոբալ չտարածման ռեժիմի համար»։
«Հաստատվել է ՀՀԳԾ-ի մյուս մասնակիցների հետ համագործակցելու Ռուսաստանի և Թուրքիայի վճռական տրամադրվածությունը և տվյալ ենթատեքստում քայլերի կոորդինացումը»,-ասվում է հաղորդագրությունում։
Բացի այդ, երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայի կարգավորումը և երկկողմանի կարևոր նախագծերի իրագործումը։ Էրդողանը նաև Պուտինին շնորհավորել է Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի և ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։








































