Արևելագետը, անդրադառնալով միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, նշում է, որ դժվար թե ԱՄՆ-ը փոխի իր դիրքորոշումը հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ:
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ, Գոհար Իսկանդարյանը նման կարծիք հայտնեց մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը:
«Միացյալ Նահանգները կպահպանի հայ-իրանական հարաբերություններում մինչ այդ ունեցած իր դիրքորոշումը: Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը մեծ չէ և չի անցնում ԱՄՆ-ի համար անթույլատրելի շեմը: Չունենք նաև լուրջ խորքային համագործակցություն, որ վտանգ ներշնչի Միացյալ Նահանգներին»,-ասաց Իսկանդարյանը:
Արևելագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն միևնույն ժամանակ գիտակցում է, որ Հայաստանը չունի լայն ընտրության հնարավորություն: Այսինքն՝ չեն կարող պատժամիջոցներ կիրառել մի երկրի նկատմամբ, որը հավելյալ հնարավորություններ չունի:









































