Երեկ կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան: Նախապես հաստատված օրակարգի համաձայն՝ այցը սկսվեց Գյումրիից, ՌԴ և ՀՀ նախագահները մասնակցեցին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, ապա այցելեցին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա, իսկ այցի մյուս հատվածը շարունակվեց քաղաքամայր Երևանում՝ նախագահական նստավայրում, որտեղ կողմերը քննարկեցին Սերժ Սարգսյանի՝ ս.թ. սեպտեմբերի 3-ին ՌԴ կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և տնտեսական համագործակցությանն առնչվող որոշ հարցեր:
Այցի առանցքային թեման էր Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին, որի համար, ըստ Վլադիմիր Պուտինի, ՌԴ-ն անում է ամեն հնարավորը, նույնիսկ Ռուսաստանի բյուջեն կզրկվի նշանակալի գումարներից, բայց փոխարենը՝ նպաստավոր պայմաններ կստեղծվեն Հայաստանի տնտեսության զարգացման համար:
«Չեմ թաքցնի՝ ի զարմանս մեզ, հայկական կողմը գործում է շատ եռանդուն և ցույց է տալիս պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ, ինչը, անկեղծ ասած, մեզ դնում է որոշակի ծանր կացության մեջ: Մենք նույնիսկ չենք հասցնում մեր հայ գործընկերների հետևից»,- նշել է նա:
Երեկ հետաքրքրական է եղել նրա դիտարկումները Հարավային Կովկասում ՌԴ ներկայության մասին, որի մասին Պուտինը խոսել է միջտարածաշրջանային համաժողովի ընթացքում՝ կեսկատակ-կեսլուրջ ընդգծելով, որ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից: Պուտինի հայաստանյան այցի ընթացքում հաստատվեցին տեղեկությունները, որ Հայաստանը վաճառում է «ՀայՌուսգազարդի» իր 20% բաժնեմասը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այցը և 20 տոկոս բաժնեմասի վաճառքը գնահատեց ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը: Նրա գնահատմամբ՝ բաժնեմասերի վաճառքը պարզապես տնտեսական գործարք չէ, այլ ավելի ընդլայնված գործընթաց, և ավելի մեծ նշանակություն ունի:
Նրա գնահատմամբ՝ դա ցույց է տալիս, որ ՌԴ-ի դիրքերը Հայաստանում անփոփոխ են, և որ ՌԴ-ն ոչ միայն Հայաստանում, այլև Հարավային Կովկասում իր դիրքերը կպահպանի, որի մասին երեկ խոսել է Վլադիմիր Պուտինը Գյումրիում:
«Ուստի բոլոր գործողություններն ու հայտարարությունները պետք է դիտարկել հենց այս կոնտեքստում: Այս ամենը տեղի ունեցավ ԱլԳ վիլնյուսյան գագաթնաժողովից հետո, որտեղ արդյունքները բավականին համեստ էին, որովհետև Մոլդովան և Վրաստանը նախաստորագրեցին ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրերը, իսկ գլխավոր դերակատար Ուկրաինան դա չարեց. վեց գործընկերներից միայն երկուսը նախաստորագրեցին համաձայնագիրը: Պետք է ապրել ու տեսնել, թե որքանով է հնարավոր առարկայացնել բոլոր խոստումները:
ՌԴ-ի խնդիրը պարզ է՝ որոշակի հաղթանակ է ամրագրված Հայաստանում, և դա պետք է լցնել բովանդակությամբ: Եթե ՄՄ-ին ՀՀ անդամակցությունը որևէ արդյունք չի բերում, ապա պետք է մշակել կոնկրետ գործողություններ և գործընթացներ, որոնք, գործարկման պարագայում, արդյունավետ և դրական ազդեցություն կունենան ՀՀ քաղաքացու կյանքում, որովհետև եթե երկու նախագահներ որևէ բան են ստորագրում և համաձայնեցնում, և չկան արդյունքներ, սկսում են հարցեր առաջանալ»,- նման տեսակետ հայտնեց Մարկեդոնովը՝ շարունակելով, որ Պուտինի խնդիրն է իմպուլս հաղորդել այդ համագործակցության բովանդակությանը: Կհաջողվի՞ դա, թե՞ ոչ, ըստ նրա՝ դեռ կտեսնենք:
Ռուս վերլուծաբանի կարծիքով՝ ՄՄ-ն խորհրդանիշ է, ՌԴ-ն ու ՀՀ-ն ունեն ոչ վատ տնտեսական հարաբերություններ. երբ նույնիսկ ՀՀ-ն ՄՄ անդամ չէ, ռուսական ներդրումները հայաստանյան դաշտում բավականին մեծ տոկոս են կազմում, ռուսական գործարար ներկայությունը Հայաստանում էական է:
Ուստի, նրա համոզմամբ՝ ներկայումս այս համագործակցության տակ այս շատ ավելի մեծ բարձ է դրվում՝ պարզապես ոչ միայն ՀՀ-ՌԴ, այլև ՌԴ-հետխորհրդային տարածք կոնտեքստում:







































