Ուկրաինայում եվրաինտեգրման կողմնակիցները զբաղեցրել են Կիևի քաղաքային վարչակազմի շենքն ու Արհմիությունների ֆեդերացիայի շենքը: ՈՒՆԻԱՆ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ազատություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը:
«Մենք ՝ ուկրաինացիներս, արդեն Կիևի խորհրդում ենք, քանի որ Կիևի խորհուրդը ապօրինի զբաղեցվել էր ավազակների կողմից: Մինչ այստեղ բղավում են, այնտեղ սկսվում է Կիևի օրինական իշխանության ձևավորումը»,- ասել է Տյագնիբոկը:
Միևնույն ժամանակ Գերագույն ռադայում «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը բրիֆինգի ժամանակ պետծառայողներին կոչ է արել աշխատանքի դուրս գալ՝ վստահեցնելով, որ ընդդիմությունը կապահովի աշխատանքը պետխորհրդի շենքում:
Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ են կոտրվել Կիևի իշխանությունների շենքի ապակիները, ՈՒԴԱՌ կուսակցության խմբակցության առաջին փոխնախագահ Վիտալի Կովալչուկը պարզաբանել է, որ ընդդիմադիրները շենքը զբաղեցրել են այն բանից հետո, երբ սադրիչներն արդեն կոտրել էին ապակիները:
«Բատկիվշչինայի» մամլո ծառայությունում հայտնել են, որ ընդդիմության մամլո կենտրոնը կաշխատի Արհմիությունների տանը:
Կիևի ոստիկանության մամլո ծառայությունում Interfax-ին հայտնել են, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բանակցություններ են անցկացնում մարդկանց հետ, ովքեր ապօրինի ներխուժել են Կիևի քաղաքային խորհրդի շենք ու Արհմիությունների տուն: «Բացատրվում է նրանց գործողությունների անօրինական լինելը և խնդրվում ինքնակամ լքել շենքը՝ պարզաբանելով, որ հակառակ դեպքում համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն»,- հայտարարել են ՆԳՆ-ում ՝ հիշեցնելով, որ Ուկրաինայում շենքի զավթման համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:








































