Եգիպտոսի Սահմանադրական հանձնաժողովն ավարտել է երկրի նոր Հիմնական օրենքի մշակումը: Ինչպես կիրակի երեկոյան հայտարարել է դրա ղեկավարը՝ Արաբական պետությունների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան, Սահմանադրության նախագիծը դեկտեմբերի 3-ին կփոխանցվի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրին՝ ստորագրելու: Նախագահը մեկ ամիս ունի՝ Սահմանադրության մշակված տարբերակը հանրաքվեի դնելու համար՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«50-ի հանձնաժողովը» ընդունել է այն փոփոխությունը, համաձայն որի՝ երկրում ընտրությունները պետք է անցկացվեն Սահմանադրության նախագծի ընդունումից հետո 6 ամսվա ընթացքում: Հանձնաժողովը հավանության է արժանացրել սկզբում՝ նախագահական, այնուհետև խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը:







































