Առաջին ձյան հետ կունենանք այն, ինչ ունենում ենք ամեն տարի՝ կամ աղն է պակաս, կամ մաղը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսը պատկան մարմինների հասցեին արված այս համեմատությամբ սկսեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
«Եթե նախորդ տարիների համեմատ այս տարի ավտոճանապարհների վիճակը ձմռանը լավ լինի, մենք ծափ կտանք»,- ասաց նա՝ հավելելով, որ մերկասառույցի պայմաններում գրանցվող ավտովթարների ժամանակ ճանապարհային տեսուչները, որպես կանոն, միշտ վարորդներին են մեղադրում, այնինչ իրական մեղավորները հենց չմաքրված փողոցներն են: «Թե ներպետական ճանապարհներին, թե մանավանդ Երևանում երթևեկությունը պատշաճ կազմակերպված չէ: Մայրաքաղաքում առանց տարբերանշանների խաչմերուկները բազմաթիվ են, կան տեսախցիկներ, սակայն չկան գծանշաններ»,- նշեց Էդուարդ Հովհաննսյանը:
Անդրադառնալով խախտումների համար նախատեսված տուգանքներին՝ նա հայտարարեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում ծանուցում չստանալով՝ վարորդները ստիպված են լինում ավելի ուշ կրկնակի-եռակի գումար վճարել: «Շուտով պատրաստվում ենք այս և ոլորտի խնդրահարույց մի շարք հարցեր բարձրացնել Ազգային ժողովում»,- հայտարարեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ որքանով օրինական է, որ նախագահական ավտոշարասյուները քաղաքի բանուկ փողոցներում ժամանակ առ ժամանակ խցանումների պատճառ են դառնում՝ Էդուարդ Հովհաննիսյանը նկատեց. «Հայերը սովոր են խցանումների: Արշակունյաց պողոտան ամիսներով վերանորոգվում էր, չէի՞ն երթևեկում: Հիմա էլ ՌԴ նախագահ Պուտինի գալով մեկ-երկու փողոց ավել-պակաս փակվի՝ ի՞նչ պետք է լինի»:









































