Շատ ցավալի է, որ այսօր մենք չկարողացանք Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել Հայաստանի հետ և ստորագրել Ուկրաինայի հետ: Կարևորը պահը բաց չթողնելն է և թույլ չտալը, որպեսզի կողքից ճնշում գործադրվի: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Վիլնյուսի գագաթնաժողովի ավարտից հետո:
Ռոմպեյի խոսքերով՝ Արևելյան գործընկերության նախագծի իրագործման գործընթացն անդառնալի է: Նա նշել է, որ տեղի ունեցած գագաթնաժողովը հաջող է եղել:
«Եվրամիությունը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել բանակցություններն Ուկրաինայի հետ այս հարցով»,- ասել է նա և հույս հայտնել, որ ապագայում նման փաստաթուղթ կստորագրի նաև Հայաստանը:
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն ակտիվորեն կհամագործակցի Մոլդովայի և Վրաստանի հետ՝ Ասոցացման համաձայնագիրը 2014թ. ստորագրելու համար:
«Արևելյան գործընկերությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այն մեզ համար կարևոր ռազմավարական գործընկեր է»,- հավելել է ԵՄ ղեկավարը:










































