Այս օրերին տեղի ունեցող գործընթացներում դպրոցականների ու մանկահասակ երեպաների ներգրավվումն, իրոք, կարմիր գիծ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին::
«Նրանց բացարձակ պետք է տարբերակել ուսանողներից, ես հենց դպրոցական տարիքի երեխաներին նկատի ունեմ, անչափահասներին նկատի ունեմ: Դրա մեջ տեսնում եմ երկու-երեք մակարդակի խնդիր`. առաջինը զուտ ֆիզիկական անվտանգության խնդիրն է: Այս ակցիաներն անցնում են փողոցների երթևեկելի հատվածներով և յուրաքանչյուր վայրկյան մտքում նաև աղոթում եմ, որ որևէ մեկի նյարդերը տեղի չտան և ոտքն արգելակի փոխարեն գազին չսեղմի», – ասաց Վիգեն Սարգսյանը:
Խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության և ժողովրդավարական ազատություններ օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ և այդ գործընթացում ստիպված սկսում են ներգրավվել իրավապահները: ասաց Վիգեն Սարգսյանը:
«Իրականում համարում եմ, որ ավանդույթի, ժամանակի հարց է, որ խորհրդարանական ձայն ունեցող ընդդիմությունը և փողոցային պայքարի միակ լծակ ունեցող ընդդիմությունը ժամանակի մեջ իրարից սկսի տարբերակվել, քանի որ խորհրդարանական ընդդիմության հրաշքը հենց դրա մեջ է. այն ընդդիմությունը, որը ստացել է ժողովրդի քվեն և ունի ներկայացվածություն խորհրդարանում, ունի խնդիրները լուծելու այլ գործիքակազմ, քան այն ընդդիմությունը, որը չունի այդ հնարավորությունը և ստիպված է դիմել փողոցին»,- հայտարարեց Սարգսյանը:
Նա տեղ ունեցող գործընթացները համարեց որպես հերթական փորձաշրջան երկրի ժողովրդավարության կայացման համար:
Անդրադառնալով հարցին՝ կապված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ձերբակալման հետ՝ նա կարևորեց, որ խափանման միջոցի և դրա հետ կապված իրավական ձևակերպումների վերաբերյալ հարցը պարզաբանվի իրավապահների կողմից:
«Երեկ պատշաճ տեղեկատվությունը տարածվել է: Պատգամավորների պարագայում կան հստակ ընթացակարգեր, որը պետք է հաղթահարվի՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ընթացակարգեր: Ես վստահ եմ, որ օրենքի տառը պահվելու է»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը:









































