Ասել, որ իրավիճակը ծայրահեղ լարված, բարդ ու վտանգավոր է բոլոր առումներով, արդեն նշանակում է գրեթե ոչինչ չասել, որովհետև դա այլևս պարզ է բոլորի համար: Պարզ չէ, թե ինչպես պետք է զարգանա և հանգուցալուծվի այդ իրավիճակը այնպես, որպեսզի դրանից չտուժի Հայաստանի որևէ քաղաքացի, առավել ևս չզրկվի կյանքից, և դրանից չտուժի Հայաստանն ընդհանրապես: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայններքին կյանքին, այլ նաև արտաքին, այն իմաստով, որ պետք է զուգահեռ լրջագույն աշխատանք անվտանգության ոլորտում իրավիճակը պահելու և ռազմա-քաղաքական առումով բալանսի փոփոխություն թույլ չտալու համար:
Ճգնաժամը ակնհայտ է, քանի որ փողոցն ու իշխանությունը կանգնել են դեմ դիմաց և նրանց առաջին հաղորդակցման փորձը ոչ միայն տապալվել է աղմուկով՝ ձայնային նռնակների, այլ ձերբակալությամբ և լարվածության էլ ավելի աճով: Ակնհայտ է, որ պետք է տեղի ունենա օրակարգի որոշակի վերամշակում թե փողոցում, թե իշխանությունում: Բայց այստեղ անհրաժեշտ է հստակեցնել մի բան՝ իշխանության առաջնային պատասխանատվությունն իրավիճակի համար, և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար, որովհետև հակառակ դեպքում հետևանքը այսպես ասած ընդդիմության կամ փողոցի վրա թողնելը մեղմ ասած չի վերադարձնի այն կորուստները, որ կունենա Հայաստանը որպես պետություն:
Առ այսօր, երկխոսության առաջարկից բացի իշխանությունը չի ներկայացրել հանրությանը որևէ կոնկրետ օրակարգային առաջարկ, որի շուրջ պետք է լինի բանակցությունը կամ հաղորդակցությունը: Երկխոսությունն ինքնին ողջունելի է, սակայն խնդիրը այն է, որ այդ առաջարկը առանց կոնկրետության ուղղակի մարտավարական հնարք է, որ իշխանությունը փորձում է կիրառել ժամանակ շահելու համար: Դա օբյեկտիվ հնարք է, սակայն խնդիրն այն է, որ իրավիճակը այդ հնարքի հետևաքնով ոչ միայն չի հանգուցալուծվել, այլ նույնիսկ ավելի է լարվել: Որովհետև, մարտավարական այդ հնարքը կիրառվել է պետական անվտանգության և քաղաքացիների կյանքի համար պետության պատասխանատվության ռազմավարական պարտավորության համատեքստից դուրս: Հակառակ դեպքում, երկխոսության նախաձեռնությունը կամ կոչը պետք է ուղեկցվի կոնկրետ հրապարակային առաջարկներով: Դրանց քննարկումն անշուշտ պետք է տեղի ունենա փակ դռների հետևում, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց պետք է ներկայացվի առաջարկ, գաղափար, միտք, որը կգրավի հանրության ուշադրությունը, այդպիսով նաև կստեղծի աշխատանքի հնարավորություն հանրությանը գլխավորող թիմի համար:
Այլապես ստացվում է, որ անբովանդակ երկխոսության առաջարկով իշխանությունը կամա, թե ակամա խաղում է հանրության զգայական ընկալումների առաջ այդ թիմի պատասխանատվության որոշակի այսպես ասած անելանելիության վրա: Ստացվում է, որ մի կողմից պատրաստ լինելով երկխոսության, մյուս կողմից իշխանությունը դրանով ավելի շատ ստեղծում է պոտենցիալ խնդիր հանրության և նրան առաջնորդող լիդերների միջև, քան իսկապես ստեղծում քննարկումների ու բանակցության դաշտ:
Ներկայումս իրավիճակը առավել բարդացել է նրանով, որ այդ լիդերները ձերբակալված են, որը իշխանությունը գուցե իր համար տեսնում է որպես ելք, սակայն եթե անգամ կարճաժամկետ առումով դա լինի ելք՝ թեև նախորդ օրվա զարգացումները ցույց տվեցին, որ դա մեղմ ասած այդքան էլ միարժեք արդարացված հաշվարկ չէ, ապա միևնույն է խորքային առումով դա մուտք է առավել խորքային, աներևույթ, բայց քայքայիչ ճգնաժամ, ներհասարակական, ներպետական ճգնաժամ, որը կաթվածահար կանի Հայաստանն իբրև միջազգային իրավունքի սուբյեկտ: Սրա մասին պետք է մտածել և իշխանության թիվ մեկ խնդիրը ներկայումս երկխոսության առաջարկը բովանդակացնելն է: Կա՞ն իշխանության մեջ դրան ունակ խմբեր, թե՞ միակ կենսունակը ի վերջո մնալու են քրեական խմբավորումները, որոնք անցնելու են հանրության դեմ դիմակավոր «պարտիզանական» պայքարի, ինչպես արդեն իսկ արձանագրվել է մի քանի դեպքերում ու դրվագներում:
Գործնականում, այդ խմբավորումները հարձակվում են ոչ միայն հանրության, փողոց դուրս եկած ուսանողության, երիտասարդության վրա, այլ նաև իշխանության այն թևի կամ թևերի, որոնք մի քանի տարի շարունակ փորձում էին հանրությանը համոզել, որ իշխանությունը կարող է ներկայանալ նոր դեմքո, նոր մտքով, նոր նկարագրով: Բաժանարար գիծը խորքային առումով անցնում է իշխանության այդ ներսով ավելի, քան փողոցով:
Լուսանկարը՝ Photolure-ի









































