ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բոլոր խմբերը գտնվում են Ոստիկանության բաժիններում: Դրանք լիարժեք ջանքեր են գործադրում բերման ենթարկված անձանց իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ՄԻՊ-ը հատուկ պարզաբանել է, որ բերման ենթարկվածը՝ անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:
Այդ իրավունքներն առնվազն հետևյալն են.
• բերման ենթարկելու վայրում դրա պատճառների մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվելը,
• լռելը,
• իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,
• փաստաբանի իրավունքը,
• բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,
• իրավունքների մասին ծանուցվելը:









































