Նոր նորքի ոստիկանության քննիչը երեկ այցելել է նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Վահրամ Աբրահամյանի հարևան Ղազար Մուրադյանի տուն` պարզելու նախօրեի միջադեպի հանգամանքները: Ինչպես հայտնի է, Ղազար Մուրադյանը ԳԱԼԱ-ին հայտնել էր, որ Վահրամ Աբրահամյանը, նրա որդին ու ևս մի քանի հոգի ծեծել են իրեն` Ղազար Մուրադյանին և իր մորը:
«Իրանք մեր հողամասի դիմաց ծառեր էին տնկում, որպեսզի մենք չկարողանանք այդտեղից մուտք բացել: Մայրս ասաց՝ այդպիսի բան մի արեք, դուք իրավունք չունեք, ձեզ ով է այդ իրավունքը տվել, և այդ պահին Վահրամ Աբրահամյանը հրեց և բռունցքով հարվածեց մորս կրծքավանդակին: Փորձեցի միջամտել, բոլորը հարձակվեցին ինձ վրա և սկսեցին ինձ հարվածել չորս կողմից»,- ասել էր Ղազար Մուրադյանը:
Ավելի ուշ նույն ԳԱԼԱ-ին նախագահի վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը պարզաբանել էր, որ «Վահրամ Աբրահամյանը կամ նրա հարազատներից որևէ մեկը անգամ մատով չի կպել քաղաքացի Ղազար Մուրադյանին»:
Իրավիճակը պարզելու համար երեկ զանգահարեցինք Ղազար Մուրադյանին: Պարզվեց` երեկ առավոտյան իրենց տուն այցելած ոստիկանության քննիչին նա ասել է, որ ծեծ չի եղել, իրեն կամ իր մորը ոչ ոք չի ծեծել: «Ես գրեցի, որ այդ բանը իրականությանը չի համապատասխանում»: Մեր դիտարկմանը, թե լրատվամիջոցին ինքը կոնկրետ ասել է ծեծի և միջադեպի մասին, Մուրադյանը հակադարձեց. «Ոչ, ոչ: Ես ուղղակի պահի տակ կարող է ջղայնացած եմ եղել, մի երկու բան ավել եմ ասել»: Մեր հարցին` հնարավո՞ր է նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Վահրամ Աբրահամյանը փորձել է իր հետ լեզու գտնել կամ ինչ-որ ձևով սպառնացել է, վերջինիս հարևանը կրկին հակադարձեց. «Չէ, չէ, ոչ մի սպառնալիք չկա: Ամեն ինչ նորմալ ա իմ մոտ»:
Ըստ Ղազար Մուրադյանի` դեպքը եղել է հետևյալ կերպ. «Հարսս վիճել է հարևանուհուս հետ, ես էլ մեքենան կանգնացրել, իջել եմ, տեսել եմ, որ վիճում են, մոտեցել եմ, իր տղայի` Խանամիրի հետ, մի երկու րոպե բարձր-բարձր խոսել ենք և վերջ, ուրիշ ոչ մի բան չի եղել»: Այժմ ինչպիսի՞ն են Վահրամ Աբրահամյանի հետ իր հարաբերությունները հարցին, պատասխանեց. «Նորմալ»: Ղազար Մուրադյանն ասաց, որ դեպքից հետո Վահրամ Աբրահամյանի հետ չի հասցրել հանդիպել:
Իր այն հայտարարության առթիվ, թե իր մորը հարվածել են, ու որ մայրն այդ վեճի արդյունքում հայտնվել է հիվանդանոցում, Ղազար Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ուղղակի էդ ժամանակ մի քիչ ջղայնացած եմ եղել: … Իմ մայրը հիվանդանոցում է, բուժվում է ինֆարկտից, սակայն դա դեպքի հետ կապ չունի: Էդ մարդը վատ է զգացել, տարել ենք հիվանդանոց, ասել են` ինֆարկտ ա»:
Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Վահրամ Աբրահամյանից կատարվածի առթիվ պարզաբանում ստանալ երեկ չհաջողվեց: Ծառայությունից երեկ «Առաջին լրատվական»-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ «այդ ամբողջ պատմությունը չի համապատասխանում իրականությանը, և Վահրամ Աբրահամյանից բացի, մոտ երեք տասնյակ հարևաններ, ովքեր ներկա են եղել հարևանների վիճաբանությանը, կարող են փաստել , որ Ղազար Մուրադյանին կամ նրա հարազատներին որևէ մեկը չի սպառնացել, առավել ևս ուժ չի գործադրել նրանց նկատմամբ»:
Լուսանկարում Վահրամ Աբրահամյանն է








































