«Նիկոլ Փաշինյանը ոչ ստանդարտ ձևով կարողացավ ժողովրդին հանել հրապարակ, ինչի համար մենք ողջունում ենք: Առ այսօր բոլոր քայլերը ճշգրիտ էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:
«Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ համագործակցության առնչությամբ Մակեյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է իրենց ելույթներով հանդես գալ, սակայն ինքը և Կարապետ Ռուբինյանն ասել են՝ մինչև չգանք ընդհանուր համաձայնության, ելույթներն անիմաստ են. «Մենք մասնակցում ենք բոլոր պրոցեսներին առանց ելույթների ամբիցիաներ ունենալու»:
Անդրադառնալով վարչապետի ընտրության հարցին՝ մեր զրուցակիցն ասաց. «Հոտը ընտրել է, բայց երեկ մենք առաջին անգամ տեսանք, որ գաղջ մթնոլորտը Հայաստանի երկնքից կարծես սկսում է քաշվել: Պրոցեսը սկսված է, և էն երիտասարդությունը, որ մասնակցում է, վստահ եմ՝ այդ գաղջությունն ամբողջովին կանցնի: Սերժ Սարգսյանն ու իր բանդան չեն կարող կասեցնել այդ պրոցեսը, դա անդառնալի պրոցես է»:
Դիտարկմանը՝ «Ելք»-ը կարծես գործում է և՛ ԱԺ ներսում, և՛ դրսում, Մակեյանը նկատեց. «Դա իրենց գործն է, բայց ես համարում եմ, որ հիմնական գործընթացները դրսում են, այնտեղ այլևս անելիք չկա: Մի անգամ պետք է գնալ այնտեղ և արտահայտել Սերժ Սարգսյանի նկատմամբ անվստահությունը ու վերջ»:
Անդրադառնալով «Ելք»-ին ուղղված Սերժ Սարգսյանի հրահանգին՝ իրենց գործընկերոջը փողոցից բերել խորհրդարան, Պետրոս Մակեյանն ասաց. «Ես կարծում եմ՝ Նիկոլն արդեն «Ելք»-ի գործընկերը չէ, Նիկոլի գործընկերը ժողովուրդն է, ուսանողությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































