Վենեսուելական Կատատումբոյի քաղաքապետարանն իր տարածքը հռչակել է Կայծակների համաշխարհային մայրաքաղաք: Այս մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ Գինեսի ռեկորդների գիրքը հայտնել է, որ Կատատումբոյի տարածաշրջանում գրանցվել է մթնոլորտային էլեկտրական լիցքերի աշխարհում ամենամեծ խտությունը՝ յուրաքանչյուր քառ.կմ-ի վրա` տարեկան 250:
Նախկին ռեկորդը պատկանում էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող Կիֆուկա տարածաշրջանին. այնտեղ կայծակների թիվը 1 քառ.կմ-ի վրա տարեկան հասնում է 152-ի:
Գիտնականների գնահատմամբ՝ Կատատումբո գետի հարթավայրում կայծակների թիվը գերազանցում է 1 մլն-ը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Գիտնականներն այս անսովոր երևույթը բացատրում են գործոնների յուրօրինակ համադրությամբ: Անդերի՝ մինչև 5 կմ բարձրությամբ լեռնագագաթները շրջափակում են քամին, ինչի շնորհիվ առատ գոլորշիացումները գոյացնում են դեպի վեր ձգված հսկայական ամպեր: Գրեթե անընդմեջ կայծակների լիցքաթափման պատճառով Կատատումբոն անվանում են «օզոնի բնական ֆաբրիկա», լիցքաթափման արդյունքում մթնոլորտ է արտանետվում Երկրի օզոնի խտության մինչև 10%-ը:









































