Այսօր Մամուլի ազգային ակումբը ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ հրավիրեց հասարակական-քաղաքական քննարկում՝ «Հայաստանը փակուղո՞ւմ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը, ՀՀՇ կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը և ՄԻԱԿ քարտուղար, ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը:
Թեմայի շուրջ խոսեց ՄԻԱԿ քարտուղար Նաիրա Կարապետյանը, ով նշեց, որ ՀՀ-ն վարել է հայանպաստ քաղաքականություն: Իսկ այդ քաղաքականությունը քննադատողները, նրա խոսքով, շփոթում են քաղաքական ճանապարհը տնտեսական ճանապարհից:
«ՀՀ-ն շարունակում է եվրոպական բաղձալի արժեհամակարգի ուղղությամբ իր ճանապարհը: Մենք դրանից չենք հրաժարվել: Պատրաստվելիք փաստաթուղթը, որը ստորագրվելու է Վիլնյուսում, լինելու է այս ձևաչափով, իսկ ՄՄ-ն տնտեսական գոտի է, սուվերենության կործանման մասին մեջբերումները չեմ պատկերացնում: ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և այդպես էլ լինելու է: ՌԴ-ն եղել է մեր ռազմավարական գործընկերը, իսկ աշխատանքները Եվրոպայի հետ իրենց բնականոն հունով են ընթանում»,- նշեց նա:
Նաիրա Կարապետյանը նաև հորդորեց ԼՂ-ն չդարձնել շահարկման առարկա: Նրա համոզմամբ՝ ԼՂ-ն այն թեման չէ, որ մտցնենք տնտեսական բլոկ: «Երբ խոսում ենք անվտանգության երաշխիքներից, չի նշանակում ԼՂ»,- հստակեցրեց նա:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































