Այսօր Մամուլի ազգային ակումբը ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ հրավիրեց հասարակական-քաղաքական քննարկում՝ «Հայաստանը փակուղո՞ւմ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը, ՀՀՇ կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը և ՄԻԱԿ քարտուղար, ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը:
Թեմայի շուրջ խոսեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, ով հորդորեց հասկանալ, թե ինչ ենք ուզում, և բարիկադների չբաժանվենք: Նրա կարծիքով՝ չի եղել լուրջ, սառը դատողությամբ քննարկում, առանց հուզականության՝ հասկանալու համար, թե որն է ՀՀ-ի համար ճիշտ: Նա նշեց, որ ունենք երկիր, որը 22 տարվա անկախ տարիների ընթացքում հասել է մի արդյունքի, որտեղ ՀՀ հնարավորությունները սահմանափակ են:
«Եթե ՀՀ-ն չընտրեց ԱՀ-ն, կա նաև Եվրոպայի մեղքը: Դատական համակարգում բարեփոխումների մասին խոսվեց, բայց ի՞նչ արվեց, ընդամենը դատական համակարգի ցուցափեղկը փոխվեց: Այսինքն՝ վարկային ծախսեր են եղել, բայց մեր կառավարման համակարգը չի դարձել ավելի արդյունավետ:
Մենք ունենք 4 մլրդ դոլարի պարտք հիմնականում՝ արևմտյան, իսկ ՀՀ երեք իշխանությունները չեն արել հայաստանյան տնտեսության զարգացման համար անհրաժեշտ քայլեր:
Այսինքն՝ ցանկություն կար, որ ՀՀ-ն տնտեսապես զարգանա և համապատասխանի եվրոպական սատանդարտներին այս ճանապարհով, պետք է գնայինք այդ ճանապարհով:
Ինչով չհրապուրեց մեզ Եվրոպան: Մեր ապրանքները չեն կարող եվրոպական շուկայում տեղ գտնել, իսկ դա կնշանակի մի ամբողջ արդյունաբերական ոլորտի փակում, որովհետև չենք կարող մրցունակ լինել: Պետք է կարողանայինք ներսում այնպիսի պայմաններ ձևավորել, որ ասեինք՝ պատրաստ ենք համապատասխանել այդ ստանդարտներին, քանի որ եվրոպացիները ձևավորել են ստանդարտների ամբողջականություն, ապրելակերպի տեսանկյունից ևս»,- ասաց նա:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































