Աշխատատեղերի ստեղծման մարտահրավերը Հայաստանում լուծելու համար անհրաժեշտ է աճի մեկ այլ մոդել, որը կտարբերվի համաշխարհային ճգնաժամից առաջ գործող տարբերակից: Սա այսօր Երևանում ներկայացված Համաշխարհային բանկի «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն միակցելիություն» նոր զեկույցի առանցքային դրույթն էր:
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ 5 տարի շարունակ գրանցված տնտեսական վերելքը Հայաստանում չլուծեց զբաղվածության խնդիրը: Իսկ ճգնաժամին զուգընթաց գործազրկությունն աճեց, և այժմ էլ աշխատուժի 18%-ը գործազուրկ է, ինչը տարածաշրջանային միջինից անհամեմատ բարձր է:
Ընդ որում՝ գործազրկության մակարդակը քաղաքային վայրերում հասնում է 28%-ի, ինչը չափազանց բարձր է: Գյուղատնտեսության ոլորտում էլ համեմատաբար ցածր գործազրկությունը, ըստ հեղինակների, կապված է նրա հետ, որ սեփական՝ նույնիսկ փոքր հողակտոր ունեցող գյուղացիները գործազուրկ չեն համարվում:
«Բարձր գործազրկության և աշխատուժի ցածր ներգրավվածության հետևանքով զբաղվածություն/բնակչություն հարաբերկացությունը Հայաստանում ավելի ցածր է, քան եվրոպական երկրների մեծ մասում: 53%-ին հավասար այդ ցուցանիշը շատ ավելի ցածր է, քան Եվրոպայի միջին 60%-ը»,- նշված է զեկույցում:










































