Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
«Տպավորություն է, որ այս համաձայնագրի ստորագրումը իշխանությունը ներկայացնում է որպես մեծ զոհաբերություն, որպես մեծ զիջում՝ արված ժողովրդին, ընդհուպ մինչև զոհասեղանին արված մատաղ կամ մեծն ողորմածություն: Ոչ, այդպես չէ: Որքան սա անհրաժեշտ է Եվրամիությանը, այնքան էլ անհրաժեշտ է ՀՀ-ին: Իմիտացիաների ժամանակն ավարտվել է»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ կա՛մ վաղը կվավերացվի այս համաձայնագիրը և որևէ շարունակություն չի ունենա, կա՛մ պիտի իսկապես կատարվեն լրջագույն համակարգային փոփոխություններ: «Այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար իշխանությունը պետք է գնա սեփական ողնաշարը ջարդելու ճանապարհով: Կապրենք՝ կտեսնենք. իշխանությունը խիզախություն կունենա՞ ջարդելու սեփական ողնաշարը: Այնպես որ՝ պետք չէ համաձայնագրի վավերացումը ներկայացնել որպես 21-րդ դարի հերոսամարտ»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:












































