Ռուսաստանը կարող է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին Վատիկանում դեսպան նշանակել: Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով իտալական մամուլին:
Եթե Բեռլուսկոնին դառնա Ռուսաստանի ներկայացուցիչն ու դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերի, ապա նրան կհաջողվի խուսափել մեկ տարվա հասարակական աշխատանքներից, որոնք նա պետք է կատարի սահմանված դատավճռով:
Բեռլուսկոնին անձամբ հնարավոր նշանակման մասին տեղեկությունը հերքում է: Նրա խոսքով՝ ինքը նվիրված է իր հայրենի երկրին և հույս ունի իր անմեղությունն ապացուցել դատարանում:
Երկուշաբթի Բեռլուսկոնին Հռոմի իր տանն ընդունել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Մամուլի փոխանցմամբ՝ երկու քաղաքական գործիչներին կապում են բարեկամական հարաբերությունները: Նրանց հանդիպման մասին տեղեկությունն ամրապնդել է ենթադրությունները առ այն, որ Բեռլուսկոնիին հնարավոր է դիվանագիտական անձնագիր տրամադրվի:
Վաղը Իտալիայի Սենատը կքննի Բեռլուսկոնիին խորհրդարանական լիազորություններից զրկելու հարցը՝ կապված նրան խարդախության մեջ մեղավոր ճանաչելու հետ: Եվ քանի որ նրա կողմնակիցներն այնտեղ փոքրամասնություն են կազմում, սպասվում է, որ նրան բացառելու առաջարկը հավանության կարժանանա:
Բեռլուսկոնիին պատկանող Mediaset հոլդինգի գործով դատավճիռն ուժի մեջ կմտնի մոտ ժամանակներս:









































