«Պետք է ավելի ուշադիր կարդալ գրառումը: Խոսքը լավին՝ լավ, վատին վատ ասելու մասին է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը՝ անդրադառնալով սոցցանցում իր մեկնաբանությանը, ըստ որի՝ նա բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի իշխանավարման 10 տարիները:
Մեր զրուցակցի խոսքով՝ նախագահական ժամկետի ավարտը գնահատվում է առաջին հերթին այն արդյունքներով, որոնք ունենք. «Լեգիտիմության վերադարձը միջազգային ասպարեզում ահռելի մեծ նշանակություն ունեցող փաստարկ է»:
Ինչպես նշեց Արմեն Դարբինյանը՝ այսօր Հայաստանը դիտվում, գնահատվում և ընդունվում է որպես երկիր, որն ունի իր ուրույն տեղը համաշխարհային քաղաքականության մեջ. «Նա կարողացել է ստեղծել և պահպանել բարի հարաբերություններ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի հետ: Դուք այսօր նման երկիր չեք գտնի աշխարհում»:
Նա հայտնեց, որ իր գրառման մեջ անդրադարձել է նաև մարտահրավերներին. «Եվ հասարակությունը պիտի պահանջատեր լինի լիդերից, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու որոշում կայացնի»:
Արմեն Դարբինյանի կարծիքով՝ արտագաղթը 2017-ին երկու անգամ նվազել է, ինչը 27 տարի աճում էր:
Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը կողմ է կառավարման նախագահական համակարգին, և չի կարծում, որ խորհրդարանական համակարգը ամենաօպտիմալն է Հայաստանի համար. «Ես կուռ իշխանության և հստակ պատասխանատվության կողմնակից եմ, որը ձևավորվում է համապետական ընտրությունների արդյունքում»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































