Չինացի շինարարները՝ ինժեներներ և բանվորներ, Պակիստանի Փենջաբ նահանգում խռովություն են բարձրացրել, երբ նրանց արգելել են մարմնավաճառուհիներին այցելելու նպատակով լքել ճամբարը։
Ոստիկանությունում հայտնել են, որ Պակիստանի Բահավալփուր և Ֆեյսալաբադ քաղաքները միավորող M-4 մայրուղին կառուցող շինարարները ցանկացել են մարմնավաճառուհիների մոտ գնալ, սակայն նոր օրենքի համաձայն, առանց անվտանգության աշխատակցի ուղեկցության, չեն կարող դա անել և ծեծկռտուք են սարքել։
Ապրիլի 4-ին նրանք դադարել են աշխատել, թողել են շինտեխնիկան ճանապարհին և շարունակել հարձակվել ոստիկանության ներկայացուցիչների վրա։
Բացի այդ, Չինաստանի քաղաքացիները նամակ են հղել տեղի ոստիկանական վարչության պետին՝ իրավապահներին մեղադրելով իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուն խոչընդոտելու և իրենց վրա հարձակվելու մեջ։ Ոստիկաններն, իրենց հերթին հերքել են մեղադրանքները։








































