ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գոհ է, որ այսուհետ կառավարության նիստերը փակ են լինելու լրագրողների համար: Կառավարության նիստից հետո լրագրողի հարցին`գո՞հ է նախարարը, որ կառավարության նիստերը կլինեն դռնփակ և որ դրա հեղինակն ինքն է՝ պատասխանեց. «Այո՛, գոհ եմ, ասեմ հետևյալը` ընդհանարապես, որևէ քայլ, որ կատարում եմ, ես գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության, այնուամենայնիվ, փորձում եմ անել այն, ինչն իմ կարծիքով կօգնի, որպեսզի քննարկումները լինեն ավելի խորը, ավելի բովանդակալից, արդյունքում ավելի որակյալ որոշումներ ընդունվեն»:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ ավանդույթը՝ նիստից հետո ներկայացնել կարևորագույն հարցերը՝ դառնալու է ավելի կարգավորված: «Այն, որ օրակարգը լինելու է բաց ու լրագրողները իրավունք կունենան ծանոթանալու օրակարգին, այդ առումով մենք ավելի պատասխանատու մոտեցում կստանձնենք: Կառավարության նիստից հետո որոշում կկայացվի, թե որ հարցերն են հանրային հետաքրքրություն ներկայացնում, և նախարարները կպատասխանեն լրագրողների հարցերին: Այստեղ հնարավորություն ընձեռվելու է լրագրողներին հարցեր ուղղել կառավարության նիստում զեկուցող անդամներին», – ասաց նախարարը:
Ճշտող հարցին` ամեն հինգշաբթի լրագրողները կարո՞ղ են գալ կառավարություն, Դավիթ Հարությունյանը դրական պատասխան տվեց և ընդգծեց, որ գործելու է հավատարմագրման նույն կարգը, որը գործում է ներկայում:









































