Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին խորհրդակցություն է հրավիրել այսպես ասած տնտեսական բլոկի մասնակցությամբ, ներառյալ վարչապետ Կարեն Կարապետյանը, ու քննարկել 2030 ռազմավարությունը: Սարգսյանը հայտարարել է, որ պետք է մինչև 2030 թվական ստեղծել մի քանի հարյուր հազար բարձր վարձատրվող աշխատատեղ, գրեթե զրոյի հասցնել երիտասարդների գործազրկությունը, չափելի և թիրախային քայլեր մշակել 2040 թվականին 4 միլիոն բնակչություն ունենալու իր իսկ հայտարարած նպատակի իրականանալիության համար:
Խորհրդակցությանն անդրադարձը իհարկե սրանով չէ, որ կարող է պայմանավորված լինել: Սարգսյանի այդօրինակ մեգանպատակները արդեն դարձել են գրեթե սովորական, այդ թվում իրենց անիրականանալիության, թղթի վրա մնալու առումով: Ըստ այդմ, զուտ այդ իմաստով նպատակները կրկնելու փոխարեն, Սերժ Սարգսյանը գուցե ավելի մեծ հանրային ընկալման և արձագանքի կարժանանար, եթե շատ կոնկրետ խորհրդակցություններ իրականացներ նպատակներից որևէ մեկի իրականացման առարկայական գործընթացի մասով: խորհրդակցության հետաքրքրությունը այլ տեղ է: Բանն այն է, որ ընդամենը հինգ օր անց Սարգսյանը վայր է դնելու նախագահի լիազորությունը: Սպասվում է, որ նա ստանձնելու է վարչապետի լիազորությունը՝ դրանից մեկ շաբաթ անց: Պաշտոնական վերջնական որոշում չկա նրա առաջդրման վերաբերյալ, բայց ամեն ինչ արդեն գրեթե բաց տեքստով և տեսքով տանում է դրան: Եվ ահա այս հանգամանքը հետաքրքիր հարց է առաջացնում, թե ինչու՞ է Սերժ Սարգսյանը շտապել:
Ի վերջո կարող էր համբերել և 2030-ի ռազմավարությամբ, նպատակներով, 2040-ի թիրախներով սկսել իր վարչապետությունը: Պետք էր սպասել փաստորեն ընդամենը 12 օր: Հազիվ թե նախագահության գրեթե տասը տարվա ընթացքում տնտեսության մեջ որևէ նշանակալի փոփոխություն չարձանագրած Սարգսյանը Հայաստանի ապագային մեծ վնաս պատճառեր, եթե տնտեսության ռազմավարության թեմայով խորհրդակցությունը հետաձգեր 12 օրով, մի երկու շաբաթով: Այստեղ սակայն աչքի է ընկնում այն հանգամանքը, որ խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը կարծես թե չի անդրադարձել տնտեսական վիճակագրությանը, որ բավական ինտենսիվ շեփորում է Կարեն Կարապետյանը: Օրինակ, նախորդ այդպիսի խորհրդակցությանը Սարգսյանը չէր անտեսել վիճակագրությունը: Այս անգամ, համենայն դեպս դատելով պաշտոնական հաղորդագրությունից, նա չի խոսել վիճակագրության մասին:
Խիստ համեստ է նաև Կարեն Կարապետյանի խոսքը, ու դարձյալ՝ առանց վիճակագրության: Իսկ այդ ամենը հետաքրքիր է նրանով, որ վիճակագրությունը Սարգսյանի համար խնդիր է՝ Կարեն Կարապետյանին չառաջադրելու հարցում: Սարգսյանը պետք է կասկածի տակ դնի այդ վիճակագրությունը, բայց ինչպե՞ս:
Մյուս կողմից, պետք է գտնել ինչ որ բացատրություն, Կարեն Կարապետյանին չառաջադրելու համար, առնվազն պետք է նախապատրաստել անհրաժեշտ հողն ու միջավայրը: Սերժ Սարգսյանի խորհրդակցությունն այդ իմաստով բավական նկատելի նախապատրաստական միջոցառում է, որտեղ Կարեն Կարապետյանի դերը ըստ էության հասցված է զգալիորեն նվազագույնի, իսկ վիճակագրության մասով անտեսված է ընդհանրապես: Ըստ էության, նախագահական նստավայրում տեղի է ունեցել ոչ թե խորհրդակցություն, այլ այսպես ասած նոր կառավարության նիստի պիլոտային փորձարկում:










































