18 ամսվա ընթացքում Կրեմլի ղեկավարը՝ Պուտինը, ինն անգամ հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանին: Այն մասին, թե նման համագործակցությունից ինչու է առաջին հերթին օգուտ քաղում Ռուսաստանը, գրում է Handelsblatt ամսագրի լրագրող Օզան Դեմիրքանը:
Հեղինակի խոսքով՝ բռնապետական երկրների նախագահներին միավորում է ոչ միայն կառավարման ոճը, այլև քաղաքական ընդհանուր հայացքները: Այնուամենայնիվ, Էրդողանը կարող է թակարդում հայտնվել:
Ներկա պահին երկրներին միավորում է Արևմուտքի հանդեպ ատելությունը, սակայն, ինչպես նախկինում, այժմ էլ հակասությունների զարգացման վտանգ կա: Երկու երկրները համագործակցում են Սիրիայի հարցով, սակայն տարբեր նպատակներ են հետապնդում: Պուտինն ուզում է աջակցել Ասադին, Էրդողանը փորձում է հեռացնել նրան: Անհասկանալի է մնում նաև Սիրիայի պետական ապարատի նոր կառույցի հարցը: Մինչ Թուրքիան կամենում է բոլոր միջոցներով խափանել Սիրիայի հյուսիսում քրդերի ինքնավար մարզի ստեղծումը, Ռուսաստանը այդ հարցին վերաբերվում է առանց նախապաշարմունքների:
Պարզ է նաև, որ Թուրքիան Ռուսաստանի հետ համագործակցության համար մեծ գին է վճարում, այդ թվում և Սիրիայում: Լրագրողի խոսքով՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ ավելի շատ թուրք զինվոր է զոհվել, քան ռուս:
Տնտեսական առումով նույնպես, ըստ լրագրողի, Ռուսաստանը մեծ առավելություններ ունի: Ռուսաստանը մշտապես այն երեք երկրների թվում է, որտեղից Թուրքիան ավելի շատ ապրանք է ներկրում: Սակայն արտահանման մասին խոսելիս Ռուսաստանը չի մտնում առաջին տասնյակ երկրների մեջ:
Ռուսաստանը Թուրքիայի համար կարող է Արևմուտքի հանդեպ իր չարացածությունը արտահայտելու համար «պտուտակ» հանդիսանալ, սակայն դա չի նշանակում, որ այստեղ կարող է առաջանալ Արևմուտքի հանդեպ առանցք, քանի որ Պուտինին և Էրդողանին ևս մի որակ է միավորում՝ նրանք տհաճությամբ են թույլ տալիս հրամայել իրենց՝ գրում է լրագրողը:










































