Սիրիայի զորքերը հետ են մղել գրոհայինների հակահարձակումը Դամասկոսի մատույցներում. Հորդանանի սահմանով Արևելյան Ղուտա շրջան ներխուժած մի քանի հազար իսլամիստներ հարձակվել են բանակային անցակետերի վրա Բուհարյա, Քամիյա, Շամիյա և Դեյր Սալման բնակավայրերում:
Ինչպես հաղորդում է «Ալ-Վատան» սիրիական լրատվական ծառայությունը, գրոհայինները փորձել են ներխուժել նաև Հարաստա, Ադրա: Շուրջ 48 ժամ Սիրիայի կառավարական ուժերը դաժան մարտեր են մղել հակառակորդների դեմ և հետ են մղել նրանց հարձակումը: Զինվորական աղբյուրների տվյալներով՝ սպանվել է ավելի քան 100 ահաբեկիչ, որոնց մեծ մասն արտասահմանցի վարձկաններ են:
Հաղորդվում է, որ նոր մարտեր են բռնկվել Դամասկոսի հյուսիսարևելյան ծայրամասերում՝ Քաբուն, Ջուբար, որտեղից գրոհայինները ականանետային հարձակման են ենթարկում Դամասկոսը:
Մարտերը չեն դադարում քրիստոնեական Դեյր-Աթիյա քաղաքում, որի բնակիչները դարձել են զինված ծայրահեղականների պատանդները: Ականատեսների հաղորդմամբ՝ շուրջ 500 վարձկաններ լավ զինված են, նրանց մեծ մասն արաբերեն չեն խոսում և հագնված են՝ ինչպես աֆղան մոջահեդները:
Երկրի հյուսիսում՝ Հալեպում, բանակային ստորաբաժանումները շարունակում են մաքրել քաղաքի հին թաղամասերը: Հրաձգությունները շարունակվում են Օմայան մեծ մզկիթի և դրան հարակից շուկայի շուրջ:










































