ԱՄՆ-ն դժգոհ է, որ Իրանն աջակցություն է ցուցաբերում Եմենի հութի ապստամբներին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամլո քարտուղար Սարա Սանդերսի հայտարարությունում, որը հրապարակվել է ԱՄՆ նախագահի վարչակազմի կայքում։
«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շարունակում է խաթարել քաղաքական գործընթացը, մարտական գործողություններ է բորբոքում և տարածաշրջանում ապակայունացնում է դրությունը՝ հութիներին և այլոց զենք մատակարարելով»,-ասվում է փաստաթղթում։
Սպիտակ տան կարծիքով՝ Եմենի հութիները խաթարում են ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական կարգավորման գործընթացը։ «Եմենի հութիները ՄԱԿ-ի՝ քաղաքական գործընթացի կարգավորման ջանքերին պատասխանեցին առավել անխոհեմ հրթիռային հարձակումների սպառնալիքով՝ ինչպես նրանք, որոնք տեղի ունեցան կիրակի»,-ասվում է հայտարարությունում։
Իսկ ԱՄՆ-ն խոստանում է շարունակել օգնություն ցուցաբերել գործընկերներին՝ «ինքնապաշտպանության համար»։
Մարտի 26-ին հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիայի պաշտպանությունը Եմենի տարածքից արձակված 7 հրթիռ է որսացել։







































