Նախորդ տարի բնական աղետներից ստացված վնասը 320 միլիարդ դոլար է կազմել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Ճշմարտությունն այն է, որ կլիմայի փոփոխությունն ամենաբարդ խնդիրն է, որի հետ բախվում է մարդկությունը, և ես իմ պարտքն եմ համարում միջազգային հանրությանը հիշեցնել այդ մասին։ Անցյալ տարի կլիմայի փոփոխությունների հետ կապված տարերային աղետներից տնտեսական վնասը ռեկորդային ծավալների է հասել՝ 320 մլրդ դոլարի»,-հստակեցրել է գլխավոր քարտուղարը։
Գուտերեշը նշել է, որ ռեկորդային ցուցանիշների են հասել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները՝ 32․5 գեգատոննայի։ Նրա խոսքով՝ 2017-ին ամենամեծ տնտեսական վնասը պատճառել են Կարիբյան ավազանում փոթորիկները։ Գլխավոր քարտուղարը հիշեցրել է նաև Հարավային Ասիայում ջրհեղեղների և Աֆրիկայում երաշտի մասին։
Գուտերեշն ընդգծել է, որ 2020-ին մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումը պետք է կրճատել առնվազն 25 տոկոսով։









































