Նման ելույթներ ունեցողները փորձում են իրենց կարճ խելքով սեպ խրել ՀՀԿ-ի մեջ: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով տեսակետին, որ Կարեն Կարապետյանն ու Արմեն Սարգսյանը կրթված մարդիկ են, թույլ չեն տա, որ Սերժ Սարգսյանը մնա վարչապետ, քանի որ նրանք չեն կարծում, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:
«Այնպես չէ, որ նրանք, ովքեր նշում են, որ այսօր վարչապետի պաշտոնում Հայաստանի արտաքին ու ներքին մարտահրավերների համար ամենաառանցքային և ամենաընդունելի, և արդյունավետ աշխատող անձը կլինի ՀՀ գործող նախագահը, անգրագիտության էտալոն չենք»,- ասաց Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ միակ թույլ տվողը ժողովուրդն է, որն իրավունք է տվել ՀՀԿ-ին մինչև 2022 թվականը կազմել կառավարություն:
«Մենք իրավունք չունենք, բացի ժողովրդի կամքից, որևէ մեկի կամքը լսելու: Ժողովուրդը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, և մենք հաշվի առնելով մեր միակ սիրելի ու միակ պատվիրատուի՝ ՀՀ քաղաքացու ձայնը, ապրիլի 17-ին կքվեարկենք այնպես, ինչպես բխում է ՀՀ շահերից»,-ընդգծեց ՀՀԿ խոսնակը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելու մասին հայտարարություններին, Շարմազանովն ասաց. «Անփոխարինելի մարդիկ շատ կան, անփոխարինել էին Անդրանիկ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Վազգեն Սարգսյանը, այո, անփոխարինելի է նաև Սերժ Սարգսյանը: Երբ ասում ենք անփոխարինելի, նկատի չունենք, որ եթե նրանք չլինեն պաշտոնում, Հայաստանը կկործանվի: Երբ ասում ենք անփոխարինելի, նկատի ունենք, որ եթե այդ մարդիկ չլինեն, մենք շատ բան կկորցնենք»:
Շարմազանովն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ նա ակնարկել էր, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը. «Սերժ Սարգսյանը ակնարկեց, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը, որովհետև ի տարբերություն շատերի, որոնք մտածում են՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով, Սերժ Սարգսյանը իր անձնական շահը ստորադասում է պետական ու ազգային շահերին: Դրանում է նրա տարբերությունը շատ գործիչներից»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































