«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, Երևանի կենտրոնում ակցիա կազմակերպելով, նպատակ ունի հանրությանն իրազեկել հիվանդության մասին, վերացնել կարծրատիպերը և հիվանդների նկատմամբ խտրականությունը:
Տուբերկուլոզի միջազգային օրվան՝ մարտի 24-ին ընդառաջ ակցիան կազմակերպվել էր Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում:
«Հասարակության մեջ կան կարծրատիպեր, նաև խարան և խտրականություն տուբերկուլոզով հիվանդ մարդկանց նկատմամբ: Ակցիայի շնորհիվ մարդկանց կիրազեկենք տուբերկուլոզի վերաբերյալ ամեն ինչ, կփորձենք վերացնել նաև խտրականությունը: Մեր կարգախոսն է «Ամեն մարդ կարևոր է, վերացնենք տուբերկուլոզը հիմա»: Ուղերձներից մեկն այն է, որ տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է: 2013-2015 թթ. մեր կազմակերպությունը գնում է տուբերկուլոզի բուժման ամենաարդիական դեղերը: Եթե նախկինում կային ծայրահեղ դեղակայուն հիվանդներ, որոնք բուժվելու շանս չունեին, ապա այսօր այս դեղերի շնորհիվ հնարավոր է նաև բուժել նրանց»,-ասաց «Բժիշկներ առանց սահմանների»կազմակերպության հայաստանայան առաքելության հաղորդակցության բաժնի պատասխանատու Շուշան Ալեքսանյանը:
Ակցիայի մասնակից բժիշկները, բուժքույրերը և սոցիալական աշխատողները թռուցիկներ բաժանեցին անցորդներին, անկացրին հարցախաղեր՝ ստուգելու նրանց գիտելիքները հիվանդության վերաբերյալ: Քանի որ տուբերկուլոզը հիմնականում ախտահարում է թոքերը, բաժանեցին նաև ծխելու հետևանքների մասին իրազեկող թռուցիկներ: Անցորդներին տրվող հարցերը վերաբերում էին հիվանդության հարուցիչներին, ախտանշաններին, փոխանցման ճանապարհներին և այլն: «Հարցերով ուզում ենք հասկանալ, թե մարդիկ ինչ գիտեն տուբերկուլոզի վերաբերյալ: Եվ եթե կա թյուրըմբռնում, փորձում ենք շտկել դա, տալ ճիշտ ինֆորմացիա: Տեղյակ ենք պահում նաև հիվանդության ախտանիշների մասին»,-նշեց Ալեքսանյանը:
Ակցիայի շրջանակում իրազեկում իրականացնող բուժքույր Գայանե Խումարյանցը նշեց՝ մարդիկ այնքան էլ տեղեկացված չեն այս հիվանդության մասին: «Մեծ մասը տուբերկուլոզը գիտի որպես թոքախտ: Թյուրըմբռնում կա նաև, որ այս հիվանդությունը փոխանցվում է սպասքի, ձեռքսեղմման միջոցով: Այնինչ, փոխանցման միջոցը միայն օդակաթիլայինն է»,-նշեց նա:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրի սոցիալական աջակցության ռեֆերենտ Արաքսյա Մադոյանը հիվանդության բուժման գործում մեծապես կարևորեց նաև սոցիալական բաղադրիչը: «Բուժումը ծանր է և երկարատև: Կանոնակարգված սնունդ ընդունելը տուբերկուլոզի բուժման պայմաններից մեկն է: Եվ մենք իրականացնում ենք սոցիալական գնահատում: Եթե դրանից հետո պարզվում է, որ հիվանդը կամ նրա ընտանիքն ի վիճակի չեն ապահովելու սպիտակուցներով, ածխաջրերով և այլ վիտամիններով հարուստ սնունդ, ապա մենք ապահովում ենք այն: Հակառակ դեպքում հնարավոր է այն խոչընդոտ հանդիսանա բուժման համար: Կազմակերպությունը ձմռան ամիսներին նույնիսկ ջեռուցման համար է աջակցություն տալիս»,-նշեց նա:








































