Սուդանի կառավարությունը և Դարֆուր նահանգում գործող ապստամբները անվտանգության մասին համաձայնագիր են ստորագրել, որը ուղի է բացում, որպեսզի ապստամբները ինտեգրվեն խաղաղ կյանքին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Դարֆուրի հարցերով Աֆրիկյան միության և ՄԱԿ-ի համատեղ հատուկ ներկայացուցիչ Մուհամադ իբն Չամբասի հաղորդագրությունը:
Նրա խոսքերով՝ այժմ սկսվում է ապստամբների զինաթափում, զորացրում և վերաինտեգրում:
«Դա նոր հնարավորություններ կբացի մարտիկների համար. նրանք կարող են կամ միանալ կառավարական բանակին, կամ գնալ քաղաքացիական ծառայության: Ամեն դեպքում դա ապագա է առանց պատերազմի»,- ասել է նա:
Չամբասը շնորհակալություն է հայտնել Սուդանի կառավարությանը և ապստամբներին ճկունության և զիջումների համար, որոնք ցուցաբերել են կողմերը բանակցություններին:







































