Երեքշաբթի իսրայելական ավիացիան հարվածել է Գազայի հատվածում տեղակայված պաղեստինցի գրոհայինների օբյեկտներին՝ ի պատասխան վերջիններիս հրթիռակոծման: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությանը:
Զինվորականների տվյալներով՝ ռմբակոծության թիրախներ են դարձել զենքի արհեստանոցը, երկու «ահաբեկչական թունել» Պաղեստինի ինքնավարության հարավային մասում և ևս մեկ օբյեկտ, որը կիրառվել է ահաբեկչական գործունեության համար Գազայի հատվածի հյուսիսում:
Ավիահարվածը եղել է պաղեստինյան հրթիռակոծման պատասխանը:
«Առավոտյան իսրայելցի զինվորները, որոնք մասնակցել են հակաահաբեկչական գործունեությանը, հայտնվել են ահաբեկիչների կրակի մեջ: Իսրայելի պաշտպանության բանակը ոչ մի դեպքում չի հանդուրժի հարձակում իր զինվորների վրա»,- ասել է բանակի մամլո քարտուղար Փիթեր Լերները:









































