«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում նախկինում տարբեր նախարարություններ և գերատեսչություններ գլխավորած (ՀՀ պետնախարար, գյուղատնտեսության նախարար, ԱՊՀ և Եվրամիության հարաբերությունների գծով նախարար, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան և այլն), այժմ ԱՄՆ-ում բնակվող Գագիկ Շահբազյանը:
– Պարոն Շահբազյան, 3.5 տարի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելուց հետո 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկության մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շրջադարձային հայտարարությունից հետո ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Հայաստանի համար: Դուք ՀՀ տնտեսության հետ ամենասերտ կապեր եք ունեցել, կանգնած եք եղել ԵՄ հետ հարաբերությունների ստեղծման ակունքներում, եղել եք Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման պատասխանատուներից: Ինչպե՞ս եք գնահատում գոյություն ունեցող իրավիճակն այսօր, ի՞նչ հնարավորություններ կորցրեց Հայաստանը:
– Այո՛, ես իսկապես գլխավորել եմ հայ-ռուսական միջկառավարական երկու հանձնաժողովներ՝ ռազմաքաղաքական և առևտրատնտեսական: Ղեկավարել եմ նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովը, պատրաստել եմ համագործակցության պայմանագրերը: ԵՄ հետ պայմանագիրը ստորագրվել էր 1995 կամ 96 թվականին, երբ ես Եվրամիությունում դեսպան էի:
– Մենք Ադրբեջանի և Վրաստանի հետ միասի՞ն սկսեցինք ԵՄ հետ համագործակցությունը:
– Ո՛չ, մենք ավելի շուտ սկսեցինք: Մեզ այդ առաջարկությունը արվեց 6 ամիս շուտ՝ չնայած ԵՄ-ում մեզ զգուշացրել էին, որ վարում են տարածաշրջանային քաղաքականություն, ուստի պետք է Հարավային Կովկասի երեք հանրապետությունները միաժամանակ ստորագրեին Եվրամիության հետ համագործակցության պայմանագիրը: Առաջ ընկնելու մեր բոլոր ջանքերը դժվարացան, բայց մենք կարողացանք օգնել, որ մյուսները ևս հասնեն մեզ: Բավականին օգնել ենք Վրաստանի պատվիրակությանը, որի ղեկավարը իրենց վարչապետն էր: Այդ աջակցությունը մի պահ հասավ այն աստիճանի, որ Հայաստանի հետ Եվրամիության համագործակցության պայմանագրերի քննարկումն ավարտելուց հետո վրացական պատվիրակությունը խնդրեց ինձ մասնակցել Եվրամիության պատվիրակության հետ իրենց բանակցություններին:
– Ռուսաստանն այն ժամանակ նույնպե՞ս խանդով էր վերաբերվում նման համագործակցություններին:
– Այո՛: Ռուսաստանն ասում էր՝ եկեք միասին անենք այդ ամենը: Այն ժամանակ, եթե հիշում եք, չկար Մաքսային միություն, կար Ռուսաստան-Բելառուս միությունը: Ռուսական կողմը մեզ առաջարկում էր միանալ այդ միությանը:
– Բայց 1997թ. ստեղծվեց ԱՊՀ ազատ առևտրի գոտի:
– Այդ Ազատ առևտրի գոտի հասկացողությունը դե ֆակտո կար, որովհետև եղած կապերն այնպիսին էին, որ այլ կերպ չէր կարող լինել: Փորձեցինք դե յուրե ամրագրել, բայց ամեն երկիր վերմակն իր վրա էր քաշում, որովհետև չկար փաստաթղթային բազա, իսկ եղածն էլ խախտվում էր, և ոչ ոք ոչ մի պատժամիջոց չէր կարողանում կիրառել, քանզի դա կխաթարեր բոլոր կապերը: Այդ էր պատճառը, որ իներցիայով ավելի շատ աշխատում էին նախկին Խորհրդային Միության կապերը, քան նոր ստեղծված որևէ բան:
Այն ժամանակ Ռուսաստանն ասում էր՝ եկեք միասին համագործակցենք՝ ապագայում եվրակառույցների աշխատանքներին ընդգրկվելու համար: Նույն բանը նրանք մեզ առաջարկում էին նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու հարցում: Այդ կառույցն այն ժամանակ այլ անվանում ուներ GATT: Դրան անդամակցելու ՀՀ պատվիրակության առաջին ղեկավարը նույնպես ես եմ եղել: Ռուսաստանը մեզ առաջարկում էր դանդաղեցնել գործընթացները, որ բոլորս միասին մտնենք: Նրանք չէին ասում՝ մենք չենք ուզում, որ դուք անդամակցեք, մինչդեռ ԱՀԿ-ը կտրականապես դեմ արտահայտվեց՝ դնելով առանձին-առանձին անդամակցելու պայման: Մենք ԱՀԿ-ին Ռուսաստանից ավելի շուտ անդամակցեցինք:
– Հայաստանը որքանո՞վ էր պարտադրված 1997թ. ստորագրել դարի հայտնի՝ Հայաստան-Ռուսաստան համագործակցության և ընկերակցության պայմանագիր կոչվածը. խոսքը Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին է:
– Պարտադրված չէր: 1997թ. դե յուրե ձևակերպվել էր այն, ինչը կար մինչ այդ: Պայմանագրում մի շատ հետաքրքիր հարց կար՝ ինչո՞ւ մնացին ռուսական ռազմաբազաները և սահմանապահները: ՌԴ-ն այն ժամանակ ռազմաբազաներ ուներ ոչ միայն ՀՀ-ում, ավելին՝ եթե ՀՀ-ում մեկ բազա ուներ, Վրաստանում երկուսն ուներ: Եվ պատկերացրեք, որ այդ գործոնը բավականին օգնում էր տարածաշրջանի կայունացման հարցերին: Օրինակ բերեմ իմ անձնական փորձից. Վրաստանում, չասեմ՝ քաղաքացիական պատերազմի, բայց Շևարդնաձեի և Գամսախուրդիայի հակամարտության ամենասուր պահին Ռուսաստանի ռազմաբազաների ղեկավարության միջնորդությամբ մենք կարողացանք Հայաստան տեղափոխել հանրապետության համար կենսական նշանակության մեր բեռները, իսկ դա գործոն էր: Այն ժամանակ այդ բազայի խնդիրը քաղաքակիրթ ձևով դրվեց, դա պարտադրանք չէր, այլ փոխշահավետ գործարք, և չէր բարձրաձայնվում այն կարծիքը, թե ՌԴ-ն ցանկանում է վերականգնել խորհրդային կայսրությունը:
– Որովհետև ՌԴ-ում այն ժամանակ այլ իշխանություններ էին՝ ավելի դեմոկրատական, ՀՀ-ի հետ նույն արժեքային սկզբունքներով առաջնորդվող:
– Այո՛:
– Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՀՀ-ն որտեղի՞ց էր վտանգ զգում, հատկապես, որ ՀՀ-ն նոր էր հաղթել պատերազմը, ԼՂ հակամարտության խնդրում մենք ուժեղի դիրքերից էինք հանդես գալիս, հակված էինք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, որովհետև հաղթողի դիրքերից դա ավելի շահեկան կլիներ: Այն ժամանակ Ռուսաստանը իր ռազմաբազաները Հայաստանում տեղադրեց 25 տարով, իսկ 2010-ին մենք այն երկարացրինք ևս 49 տարով: Այնուամենայնիվ, որտե՞ղ էին Հայաստանի համար հիմնական վտանգները: Մի շարք փորձագետների կարծիքով` դրանք չափազանցված էին, կեղծ, որ մշտապես հրամցվել են հայ ժողովրդին:
– Իմ կարծիքով՝ այն ժամանակ դա արվում էր ոչ թե վտանգներից ելնելով, այլ այն պատճառով, որ մենք իրոք ՌԴ-ի հետ հավասար, գործընկերային դաշնակիցներ էինք, իհարկե՝ որքան դա հնարավոր էր:
– Դա պայմանավորված էր նաև իշխանությունների լեգիտիմությամբ, անձերի հեղինակությամբ, այդպես չէ՞:
– Ես կարող եմ մի դրվագ ներկայացնել, թե ՌԴ իշխանությունները որքան էին հարգում Լևոն Տեր-Պետրոսյանին: 1996թ. երբ կայացավ ԱՊՀ երկրների հերթական գագաթնաժողովը և պետք էր հիմնավորել, որ Բորիս Նիկոլաևիչ Ելցինը նորից պետք է ընտրվի ՌԴ նախագահ, ելույթ ունեցան ԱՊՀ երկրների նախագահները, և ամենափայլուն հիմնավորումը ներկայացրեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Երբ նախագահները դուրս եկան մամլո ասուլիսի, լրագրողները հարց տվեցին նրանց, թե՝ ինչո՞վ եք հիմնավորում նրա ընտրությունը: Ասուլիսը վարողը ասաց՝ այդ հարցին կպատասխանի Լեոնիդ Կուչման, այնուհետև Նուրսուլթան Նազարբաևը, սակայն Ելցինը խնդրեց, որ հիմնավորի Լևոն Հակոբիչը: Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնեց իր հիմնավորումը, որից հետո հարցեր չեղան:
– Մենք դրա այլ օրինակներն էլ ունենք: Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի անձնական հարաբերություններից Հայաստանը միայն կորցրել է: Ասում են, որ այդ հարաբերությունները չափից ավելի սերտ են եղել, նրանք հրապարակավ գարեջուր էին խմում, ասում էին, որ միասին գործեր ունեն տարբեր երկրներում: Եվ այդ մտերմության համար մենք Հայաստանի ինքնության կորստի գինն ենք վճարել: «Գույք՝ պարտքի դիմաց»-ը սկսվել է Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո, երբ Ռ. Քոչարյանի ձեռքերն ազատ էին:
– Մի քանի տարի առաջ իմ հարցազրույցներում ասել եմ, որ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը սկսել է Ռ. Քոչարյանը, որը ձեռնարկությունների միջև եղած պարտքը դարձրեց միջպետական պարտք, բայց դա հոկտեմբերի 27-ից առաջ էր: Իսկ դրանից հետո իրոք նրա ձեռքերն ազատ էին:
– Խնդրում եմ անդրադառնալ նաև Հայաստանի անվտանգության խնդրին, ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ հարաբերություններին: ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալու հայտարարության վերաբերյալ կան հակասական տրամադրություններ ԱՄՆ-ում և ԵՄ-ում: Ինչպե՞ս եք հիմնավորում ՌԴ-ի հետ այդքան խորը հարաբերություններ սկսելու, դրանց իրավական տեսք տալու քայլերը:
– Ես չգիտեմ, թե հիմա ինչ ճնշումներ են եղել, բայց երբ պետությունն ինքն իր շահերը պաշտպանում է, իր գործընկերները՝ լինի դա ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը, քեզ հասկանում են: Պարզ օրինակ բերեմ. ԱՄՆ-Իրան հարաբերությունները, գիտեք, վատ են, բայց երբ դու բացատրում ես, որ այսօր մեր միակ ճանապարհը Իրանն է, ԱՄՆ-ը քո նկատմամբ շրջափակման խնդիրը հանում է: Երբ մենք ԵՄ-ին բացատրեցինք, որ ցորեն բերելու մեր միակ ճանապարհը Թուրքիան է, ԵՄ-ն միջնորդեց, և մենք կարողացանք նույնիսկ Թուրքիայով ցորեն ներկրել, թեև խնդիր եղավ: Ինչպես գիտեք, հայ-թուրքական սահման չկար: Կար սահման ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև, և սահմանին պետք է կանգներ ԽՍՀՄ իրավահաջորդ պետության՝ Ռուսաստանի սահմանապահը: Եթե դու սահման չունես, դու չես կարող այն բացել ու փակել:
– Բայց Ձեր կառավարման տարիներին ԵՄ-ն տարածաշրջանային այսպիսի պահանջ երևի չէր դրել:
– Երբեմն մեզ թվում է, որ Արևմուտքը հախուռն որոշումներ է կայացնում: Ո՛չ, այդպես չէ. այնտեղ գործում են ինստիտուտներ, և այդ որոշումները, որ կայացվում են, տարիների վերլուծության և քննարկումների արդյունք են: Երբ ԵՄ-ն սկսեց տարածաշրջանային համագործակցության քաղաքականությունը, հարցն այսպես էր դրվում՝ կա՛մ Անդրկովկասյան տարածաշրջանային համագործակցություն, կա՛մ ոչինչ՝ անկախ այն հանգամանքից, թե ժողովրդավարությունը որտեղ է շատ կամ որտեղ՝ քիչ: Եվ երբ Եվրամիության հետ Հայաստանի հետ համագործակցության համաձայնագիրը ստորագրվում էր, առաջին նախագիծը մերն էր, և մենք լուծում էինք մեր ատոմակայանի խնդիրը: Այնուհետև տեսա, որ ատոմակայանի խնդիրը Վրաստանի նախագծում ևս մտցված է (այն դեպքում, երբ Վրաստանը ատոմակայան չունի), և հասկացա, թե որքան է խնդիրը համահավասարեցված: Հիմա, եթե ԵՄ-ն որոշի մեզ հետ ինչ-որ ծրագիր սկսել, դրա համար տարիներ են պետք: Բայց հիմա մենք ասում ենք՝ «ոչ», և ես կասկածում եմ, որ Վիլնյուսում մեզ համար ինչ-որ բան կփոխվի: Նրանց բյուրոկրատական մեքենայի իներցիան այնքան մեծ է, որ ֆիզիկապես չեն հասցնի որևէ բան անել:
– Ձեզ համար հիմա ԵՄ-ի ու ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերը տեսանելի և հասկանալի՞ են: Ո՞րն է Հարավային Կովկասում առաջնային երկիրը:
– Որքան ես գիտեմ, մինչև 1998թ. առաջնահերթությունը մերն էր, քանի որ Եվրախորհուրդ մտնելու առաջարկությունը առաջինը Հայաստանը ստացավ:
– Բայց առաջինը Վրաստանը մտավ:
– Այո: Հիշում եմ, որ Ադրբեջանի ԱԺ նախագահը նամակ էր գրել ԵԽ, թե ինչու եք ՀՀ-ին ընդունում՝ բերելով տարբեր անհիմն պատճառներ: Երբ նամակն ինձ ցույց տվեցին, ես ասացի` ես լինեի, կգրեի, թե մեզ էլ ընդունեք և ոչ թե ինչու եք ՀՀ-ին ընդունում:
– Վստահ եմ 1996 թվականի ընտրություններն ու իշխանափոխությունը մեզ ետ գցեցին:
– Այո, նաև Հոկտեմբերի 27-ը և այլ բաներ ետ գցեցին:
– Իսկ տարածաշրջանում առաջնահերթությունը ե՞րբ փոխվեց, երբ 1990-ականների սկզբին ԱՄՆ-ը Ադրբեջանի հետ դարի նավթային պայմանագի՞ր կնքեց:
– Երբ կասպյան նավթի տեղափոխման ուղին էր քննարկվում, կար երեք ուղի: Ամենաշահավետը ՀՀ-ով ճանապարհն էր, մյուսն այն էր, որ հիմա գործում է՝ Վրաստանով, երրորդը պետք է անցներ ՌԴ-ով՝ Չեչնիայի սահմանին կից: Եթե մենք կարողանայինք մեր խնդիրներին քաղաքական լուծում գտնել, այժմ միանգամայն այլ իրավիճակ կլիներ Հարավային Կովկասում: Բացի տարանցիկ ճանապարհի համար վճարվող գումարից, որն այն ժամանակ հաշվարկվում էր տարեկան մոտ 200 մլն դոլար, կլինեին նաև համատեղ տնտեսական շահեր, իսկ դա բերում է կայունության:
– Բայց ՀՀ-ն չէր կարող միանձնյա որոշում ընդունել՝ միանալ այդ նախագծին, թե ոչ: ՀՀ-ն կախված էր ՌԴ-ից. այդ երկիրը թույլ չէր տա, որ ՀՀ-ն անկախ որոշում կայացներ:
– Եթե ՌԴ-ն իմանար, որ նավթամուղն իր երկրով չի գնա, նա ավելի շատ հակված կլիներ, որ այն Հայաստանով անցնի:
– Բայց ՌԴ-ն գիտեր, որ իր երկրով չի անցնի, այնտեղ էլ Չեչնիայի պատերազմն էր:
– Այո, իսկ Արևմուտքին էլ հետաքրքրում էր, որ նավթամուղի փականը Ռուսաստանի ձեռքում չլինի:
– Եթե ՀՀ-ի տարածքով անցներ այդ նավթամուղը, փականն էլի ՌԴ-ի ձեռքում կլիներ:
– Հենց դրա համար ՌԴ-ին ձեռնտու էր Հայաստանի ճանապարհը: Տվյալ դեպքում մենք կոնկրետ գումար և տարածաշրջանում ընդհանուր տնտեսական շահ էինք ակնկալում, և ՀՀ-ի տարածքով անցնելու դեպքում ՌԴ-ն ավելի շուտ կարող էր միջամտել, քան Վրաստանով:
– Այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը չցանկացավ, որ նավթամուղը Հայաստանով անցնի:
– Ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուսները ևս չէին ցանկանում: Եվ երկրորդ՝ որովհետև մենք այն ժամանակ և հիմա էլ Ղարաբաղի խնդիր ունենք:
– 1997-ին մենք ունեցել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հայտնի հոդվածը, որը մեծ դիմադրության արժանացավ ներսում՝ Վազգեն Մանուկյանի և Ղարաբաղում Սամվել Բաբայանի կողմից, այնինչ կարգավորման ընդհանուր փիլիսոփայությունն այնտեղ ամրագրված էր:
– Ես այդ հոդվածն այսպես եմ հասկանում, որ ժամանակն է հարցին լուծում տալ, թե ինչ լուծում` դա երկրորդ խնդիր էր: Հոդվածը կոչ էր անում՝ եկեք հարցը լուծենք: Մարդիկ այդ հարցը չկարևորեցին և գնացին այլ ուղղությամբ: Ի վերջո, արդյունքը եղավ այն, որ Ադրբեջանը տնտեսական մեծ աճ ունեցավ և այսօր հանդիսանում է դոնոր երկիր: Վրաստանը քաղաքական մեծ դիվիդենտներ ստացավ Արևմուտքից: Իսկ Հայաստանում այն ժամանակ հարցի լուծմանն ընդդիմացած անձանցից մի մասը հայտնվեցին Forbes-ի ցուցակում:
– Որո՞նք են Հայաստանի անկախության հեռանկարները:
– Ամեն դեպքում միջազգային կառույց մտնելիս մի բան պիտի զիջես: Եթե խորը դիտարկես, ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը սեպտեմբերի 3-ին դե յուրե հայտարարել է այն, ինչ դե ֆակտո սկսվել էր 2000թ.: Թղթի վրա անկախ ենք, բայց դե ֆակտո անկախ չենք: Նախագահն ուղղակի ամրագրել է այսօրվա իրավիճակը:
– Ձեր կարծիքով` տնտեսական այն վիճակը, ինչ ունենք, Ռ. Քոչարյանի՞ քաղաքականության արդյունքն է:
– Ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու բարոյական: Օրինակները բազմաթիվ են՝ սկսած «ուչաստկովիից», «Առագաստ» սրճարանից, վերջացրած «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի սառեցման վերաբերյալ այդ անձի անմակարդակ հայտարարությունները: Այդ անձի վարած քաղաքականության շնորհիվ այսօր Հայաստանում ստեղծվել է բարոյական ճգնաժամ, որն ավելի սարսափելի է, քան տնտեսականն ու ֆինանսականը: Ես չեմ ուզում անուններ տալ, բայց այսօր Հայաստանում գործով մտերիմ պաշտոնյաների ազգականները արևմտյան երկրներում դիմում են քաղաքական ապաստան ստանալու համար: Դա «աբսուրդի թատրոն է»:
Օգտվելով առիթից` ուզում եմ ավելացնել, որ այստեղ մենք նախաձեռնում ենք ՀՀ քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի շարժում: Ես գտնում եմ, որ նրա արարքները չպետք է ներվեն:
Ես նաև գիտեմ այն բոլոր խոսակցությունները, որոնք լինելու են այս հրապարակումից հետո:









































