Տեխաս նահանգի կենդանաբանական այգու ղեկավարությունը հետաքննություն է անցկացնում՝ պարզելու, թե ինչու է առյուծը հարձակվել ու հոշոտել էգ առյուծին վանդակի ներսում, այցելուների աչքի առաջ:
Առյուծը Ջոհարի անունով էգ առյուծի վրա Դալլասի կենդանաբանական այգում հարձակվել է կիրակի օրը: Դիահերձումը ցույց է տվել, որ կենդանին սատկել է վզի շրջանում ստացած վնասվածքներից ու արնահոսությունից:
Կենդանաբանական այգու ներկայացուցիչները հայտնել են, որ այդ առյուծները խաղաղ ապրել են մի քանի տարի: Նրանք պատկերացում անգամ չունեն, թե ինչու է առյուծը հարձակվել էգ առյուծի վրա, իսկ հետո հայտարարել են, որ մտադիր չեն կենդանուն զրկել կյանքից:
Կենդանաբանական այգու ղեկավարի խոսքով՝ մյուս 4 առյուծները ոչ մի կերպ չեն արձագանքել այդ դեպքին:
Առյուծները երբեմն բնական միջավայրում սպանում են այլ արուների, երբեմն հոշոտում են առյուծի ձագերին, սակայն հազվադեպ են հարձակվում էգերի վրա:











































