Թուրքիան է, որ փակել է Հայաստանի հետ սահմանը և շրջափակման ենթարկել մեր երկիրը, և Թուրքիան է, որ պիտի փոխի իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ: Եթե Թուրքիան չի ուզում բացել սահմանը, թող փակ պահի: Հայերը չպետք է գնան-աղաչեն Թուրքիային բացել սահմանը, կամ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Հայաստանը չպետք է տուրք տա թուրքական ճնշմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հարութ Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարելու մասին Հայաստանի նախագահի որոշումը:
Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահը որևէ պատասխան չի ակնկալում Թուրքիայից արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի՝ մարտի 1-ին ընդունված որոշումից հետո:
«Թուրքիան է, որ պիտի փոխի իր քաղաքականությունը հայերի դեմ: Թուրքիան փակեց սահմանը: Թուրքիան է, որ շրջափակման է ենթարկել Հայաստանը: Թուրքիան է, որ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և օգնում է Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտության մեջ: Այնպես որ, ես որևէ բան չեմ սպասում նրանցից: Նրանք են, որ պիտի փոխեն իրենց քաղաքականությունը: Հայաստանը փորձեց հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: 10 տարի առաջ եղան այս արձանագրությունները, որից հետո Սփյուռքն ամբողջությամբ դեմ հանդես եկավ այս փաստաթղթի ստորագրմանը: Եվ հիմա՝ 10 տարի անց, Հայաստանը և նախագահը հայտարարում են, որ չեն կարող վստահել Թուրքիային և արձանագրությունները պետք է չեղյալ հայտարարվեն, և հիմա ամեն ոք Ֆրանսիայում, Ամերիկայում, Ռուսաստանում թող իմանա, որ մենք հարցեր ունենք Թուրքիայի հետ: Այս արձանագրությունները վնաս տվեցին մեզ: Դրանք դամոկլյան սրի պես կախված էին մեր գլխին: Հիմա մենք հանեցինք այն»,- նշեց Հարութ Մարտիրոսյանը:









































