2014թ. Շվեյցարիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունը: Երկխոսությունը և Հարավային Կովկասում վստահության ամրապնդումը Շվեյցարիայի նախագահության առաջնային նպատակներից մեկն է: Գործող նախագահը կաջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելուն: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ-ին:
Մասնավորապես, Շվեյցարիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որն անմիջականորեն զբաղվում է տվյալ հակամարտության լուծմանն ուղղված բանակցություններով:
Շվեյցարիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է նաև ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան այս երկրին խնդրել է որպես միջնորդ հանդես գալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում: Գործակալությունը, վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունը, նշում է, որ հոկտեմբերի 10-ին արտաքին գործերի բաժնի դաշնային խորհրդական Դիդյա Բուրկխալտերը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել են Բեռնում խորհրդակցությունների համար:
«Այս կապակցությամբ դաշնային խորհրդական Դիդյե Բուրկխալտերն ընդգծել է Ցյուրիխյան արձանագրությունների կարևորությունը, որոնք ստորագրվել են 2009թ. և ուղղված են Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բարելավմանը»,- գործակալությանն ասել են ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Today’s zaman թուրքական պարբերականը, հղում կատարելով սեփական դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել է, որ Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շվեյցարացի պաշտոնատար անձանց ասել է, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Միևնույն ժամանակ թուրք արտգործնախարարը հասկացրել է, որ Երևանը նախևառաջ պետք է ազատի «գրավյալ տարածքները»: Պարբերականի փոխանցմամբ՝ շվեյցարացի բարձրաստիճան պաշտոնյաներն այս առաջարկը դրական են գնահատել:








































