Գրեյթ-Սմոքի-Մաունթինս ազգային պարկի աշխատակիցները (Հյուսիսային Կարոլինա և Թեննեսի նահանգներ) որոշում են կայացրել քնեցնել վերջերս YouTube-ի աստղ դարձած երիտասարդ եղջերուին: Նրա մասնակցությամբ տեսանյութը դեռ մի քանի օր առաջ հավաքել է միլիոն դիտում: Կենդանու մահվան մասին հայտնում է Associated Press-ը:
Արգելոցի ներկայացուցչի խոսքով՝ նման որոշման պատճառ է դարձել նրա չափազանց մարդամոտ լինելը: Նա մշտապես ցանկանում էր շփվել մարդկանց հետ, ինչը կարող էր վտանգի տակ դնել նրանց կյանքն ու առողջությունը:
Եղջերուն հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ցանցում հայտնվեց նրա և լուսանկարիչ Ջեյմս Յորքի հետ հանդիպման տեսագրությունը, որտեղ երևում էր, որ եղջերուն պարզապես ուզում է խաղալ լուսանկարչի հետ:









































