Վաղը Վիեննայում կհանդիպեն Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը: Այդ հանդիպումը առաջինն է գրեթե երկու տարի տևած ընդմիջումից հետո, որի պատճառը Ռամիլ Սաֆարովի հայտնի պատմությունն էր՝ կապված Հունգարիայից նրա արտահանձնման և Ադրբեջանում ազատություն ստանալու հետ:
Իրականում, սակայն, այս պատմությունն, ամենայն հավանականությամբ, ընդամենը առիթ էր, իսկ պատճառը միգուցե ավելի շատ այլ տեղերում է: Մասնավորապես, նույնիսկ կարելի է ասել, որ ինչ-որ առումով Սաֆարովի գործը հետևանքն էր հայ-ադրբեջանական եռակողմ հանդիպումների տապալման, որի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Կազանում, և այդպես էլ սպասված ու ազդագրված ինչ-որ բեկումնային պայմանավորվածությունները տեղի չունեցան:
Դրանից հետո բանակցությունները, բնականաբար, պետք է հայտնվեին փակուղում, քանի որ Ռուսաստանի նախաձեռնությունները չստացվեցին, իսկ Արևմուտքին էլ ժամանակ էր պետք, որպեսզի նախ՝ ակնառու դառնան Ռուսաստանի այդ անհաջողությունները, և նաև՝ ընդհանրապես վերլուծվի իրավիճակը:
Այժմ կարծես ակնհայտ է, որ ներկայիս ակտիվության նախաձեռնությունները գալիս են Արևմուտքից: Սակայն պետք չէ երևի թե կասկածել, որ այս նախաձեռնությունն էլ ըստ էության հաջողությամբ չի պսակվելու: Եվ այս առումով անկասկած պատրանքներ չունեն նաև Արևմուտքում:
Խնդիրը այստեղ բոլորովին այլ է՝ ոչ թե ինչ-որ բան կորզել Սարգսյանից կամ Ալիևից կամ երկուսից միանգամից, այլ պարզապես թուլացնել Ռուսաստանի աշխարհաքաղաքական էքսպանսիայի ֆոնը, որ առկա է տարածաշրջանում: Այս հարցում Ղարաբաղյան հակամարտությունը հարմար գործիք է Արևմուտքի ձեռքին: Այդ գործիքն ունի Ռուսաստանի էքսպանսիոն ակտիվությունը նվազեցնելու հնարավորություն:
Մյուս կողմից՝ Ղարաբաղյան խնդիրը այն վերջին կանգառն է, որտեղ եթե Ռուսաստանի գնացքը հասնի և կայանի, ապա այլևս կարելի է Արևմուտքի գնացքը համարել գնացած:
Վերջին շրջանում Կովկասում ԱՄՆ-ը և Եվրոպան բավական ստագնացիոն վիճակում են գտնվում: Այդ տեղատվությունը մակընթացությանը նախորդող բնական վիճա՞կ է, արհեստականորեն ծրագրավորված նահա՞նջ՝ ավելի թափով հակագրոհի համար, թե՞ իրերի դասավորության արդյունք՝ դժվար է ասել: Հավանական է, որ ամեն ինչն էլ ունի ազդեցություն, բայց Ղարաբաղյան խնդիրը Արևմուտքի համար ոչ թե տեղատվության և մակընթացության, դադարի և ակտիվության, արտիստա-դիվանագիտական պաուզայի, այլ կյանքի ու մահվան հարց է:
Հետևաբար ինքնին այստեղ գործընթացների հանդեպ, այսպես ասած, թելադրող, մղող դերակատարության ստանձնումը արդեն իսկ Արևմուտքի համար կարող է դառնալ հաջողություն, ինչ-որ առումով լուծում՝ ոչ թե Ղարաբաղյան խնդրի, այլ տարածաշրջանում արևմտյան խնդիրների:
Հաշվի առնելով այն սրտառուչ նամակը, որը Պուտինին էր գրել Զորի Բալայանը՝ առանց կասկածելու կարող ենք ասել, որ ոչ առանց Սերժ Սարգսյանի հավանության կամ գիտության՝ Արևմուտքի շահերն այս հարցում համընկնում են Հայաստանի պետական շահերի հետ, և Վիեննայում կայանալիք հանդիպումը կարող է կանխել Ղարաբաղյան խնդրում հայկական կողմի գյուլիստանիզացիան:









































