Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների ոլորտի վերահսկողության դաշնային ծառայությունն արգելված տեղեկատվական ռեեստրում է ներառել Google+ սոցցանցում հայտնված տեղեկությունը:
Դա արվել է Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայության՝ նոյեմբերի 15-ի որոշման հիման վրա: Վերջինս «Ոսկե տղա» կեղծանվամբ օգտատիրոջ գրառումը ճանաչել է որպես ինքնասպանություն քարոզող:
Ռեսուրսը երեք օր ժամանակ ունի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների ոլորտի վերահսկողության դաշնային ծառայությունից ծանուցում ստանալուց հետո խախտումը վերացնելու համար, հակառակ դեպքում Ռուսաստանում ողջ ռեսուրսը կարգելափակվի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ ամենայնի, գրառումը սադրիչ բնույթ է կրում, քանի որ նոյեմբերի 11-ին Ալթայի երկրամասից արված գրառումն այսպիսի բառերով է սկսվում. «Google-ի տվյալների հիման վրա, թե Google Plus-ը երբեք չեն ներառել «Արգելված կայքերի սուրբ ռեեստր», ստորև տեղադրում են ինքնասպանության մի հետաքրքիր միջոց»:
Արգելված կայքերի ռեեստրը Ռուսաստանում գործում է 2012-ի նոյեմբերի 1-ից: Նրանում ներառվում են համացանցային էջեր՝ մանկական պոռնոգրաֆիայի, թմրանյութերի մասին տեղեկատվություն և ինքնասպանության կոչեր պարունակող նյութերով: