Համացանցում հրապարակվել է Կազանի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի տեսանյութը:
Քննչական խմբի աշխատակիցները առգրավել են օդանավակայանի տեսախցիկները, որոնք գրանցել են ինքնաթիռի ընկնելու հետագիծը:
Տեսագրության մեջ, որը հայտնվել է Life News-ի տրամադրության տակ, երևում է, թե ինքնաթիռն ինչպես է ուղղահայաց խրվում գետնի մեջ, որից հետո շրջակայքը լուսավորվում է ուժգին պայթյունով: Օդանավի այրվող մասերը նետվել են 250 հազար քառակուսի մետր մակերեսի վրա:
Հիշեցնենք, որ Մոսկվա-Կազան չվերթ իրականացնող Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կազանի օդանավակայանում վայրէջք կատարելիս, ինչի հետևանքով զոհվել է 50 մարդ, այդ թվում՝ Թաթարստանի նախագահի որդին՝ Իրեկ Մինիխանովը, և Անվտանգության դաշնային ծառայության վարչության ղեկավար Ալեքսանդր Անտոնովը:
Թաթարստանում նոյեմբերի 18-ը հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ ավիավթարի զոհերի: