Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ բախումների ժամանակ տուժել են 6 ցուցարար և 4 ոստիկան: Այս մասին հայտնել է Կիևի ոստիկանության ղեկավար Անդրեյ Կրիշենկոն «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ առավոտյան ոստիկանները գնացել են խորհրդարանի մոտ ստեղծված վրանային քաղաքը՝ խուզարկելու: Սակայն ցուցարարները դիմադրել են, անիվներ են այրել, բախվել են իրավապահների հետ:

«Ներկայումս հայտնի է, որ բուժհաստատություններ է դիմել 6 մարդ նրանց թվից, ովքեր վրանային քաղաքում են եղել: Տուժել է նաև ոստիկանության 4 աշխատակից»,- ասել է Կրիշենկոն:
Անկարգությունների համար 50 մարդ է ձերբակալվել, հավելել է նա:
Գերագույն ռադայի մոտ վրանային քաղաքում բողոքի ակցիա են անցկացնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները:
Կրիշենկոն նշել է, որ ոստիկանները խուզարկություն են անցկացրել անկարգությունների մասին երկու գործերի հետաքննության շրջանակներում՝ Ռադայի շենքի մոտ փետրվարի 14-ին և Հոկտեմբերյան պալատի մոտ անցած տարի: Նրանք հայտնաբերել են «նռնակների նման» առարկաներ, նաև Մոլոտովի կոկտեյլներ և սուր ձողեր:
Նշվում է, որ իրավապահները քանդել են վրանային քաղաքը:









































