Հայաստանյան բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչներն ու վարորդներն ահազանգում են այն մասին, որ Վերին Լարսի ռուսական հատվածում նրանց համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվում ռուս մաքսավորների կողմից, մասնավորապես ռուսական կողմից եկող բեռները ենթարկվում են ռուս մաքսավորների կամայական վերաբերմունքին: Բացի դրանից, վարորդները ռուսական մաքսային աշխատողների կողմից բարձրաձայնում են կոռուպցիոն ռիսկերի մասին։
Համաձայն մամուլում առկա տեղեկատվության՝ 2017թ-ի ընթացքում Վերին Լարսի անցակետի հետ կապված խոչընդոտների վերաբերյալ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը 15 ահազանգ է ստացել, սակայն ըստ ոլորտի փորձագետների՝ այդ 15 ահազանգն իրականությունը չի պատկերում, քանի որ փոխադրողների մեծ մասը կաշառքով են լուծում իրենց հարցերը:
Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյանի վստահեցմամբ՝ խնդիրները պայմանավորված են 2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում տեղ գտած որոշ փոփոխություններով, որոնք կապված են միջազգային բեռնափոխադրումների հետ։
«Այդ փոփոխություններից է էլեկտրոնային տարանցման հայտարարագիրը, որը նորամուծություն է հայ բեռնափոխադրողների համար, և ծագած պրոբլեմների մեխը կայանում է հենց սրա մեջ․ մասնավորապես, սա նշանակում է, որ բոլոր այն բեռները, որոնք ԵԱՏՄ երկրներից անցնում են որևէ այլ երկրով, որը ԵԱՏՄ անդամ երկիր չի՝ մեր դեպքում կոնկրետ Վրաստանով, ապա կոնկրետ դրանց դեպքում լրացվում է գրանցման հայտարարագիր։ Նախկինում տարանցման հայտարարագիրը վարորդները Լարսի մաքսակետում անձամբ գալիս և լրացնում էին, սակայն այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր կարգով՝ տարանցման այդ հայտարարագիրը պետք է լրացվի բեռ առաքող ընկերության կողմից, և մաքսային ձևակերպումներն իրավունք ունեն անելու միայն այն մաքսային բրոկերները, որոնք թվային էլեկտրոնային ստորագրության իրավունք ունեն, իսկ նման մաքսային բրոկերներ Ռուսաստանի տարբեր շրջաններում կան։ Այս տեղեկությունը կամ այս փոփոխությունը հայ բեռնափոխադրողներին ժամանակին չի ներկայացվել, կամ շատերը կան, որ դեռևս անգամ տեղյակ չեն սրա մասին, որի պատճառով էլ կանգնում են այսպիսի խնդիրների առջև։
Այսինքն՝ ստացվում է հետևյալը, որ մինչև 2 ժամ առաջ, երբ որ բեռանատարը գալիս է սահմանակետ, և այդ էլեկտրոնային հայտարարագիրը դեռ չի հասել մաքսատուն կամ չկա, ապա բեռնափոխադրողը մաքսային բրոկերի միջոցով մաքսային սահմանին կարող է այդ հայտարարագրել, սակայն, եթե ենթադրենք՝ 1 ժամ 50 րոպեում հայտարարագիրը նոր հասել է սահման, ապա Ռուսաստանի մաքսային օրենքը պարտադրում է մեքենան ենթարկել զննման, ինչը մեզ համար նորություն է։
Օրինակ՝ Ռուսատանից ապրանքը դուրս է եկել, ապա այդ ապրանքի վաճառողը պետք է էլեկտրոնային հայտարարագիր ուղարկի մաքսակետ, և երբ վարորդը հասնում է մաքսակետ ու այդ հայտարարագիրը կա, ապա առանց խնդիր նա կարող է սահմանն անցնել, իսկ եթե հայտարարագիրը 2 ժամվա մեջ չի հասել կամ ընդհանրապես չի եկել, ապա վարորդը սահմանի մաքսային բրոկերների միջոցով կարող է հայտարարագիր լրացնել և անցնել, որը պետք է տևի մինչև երկու ժամ, բայց եթե մոտենալուց մի քանի րոպե առաջ է հայտարարագիրը եկել, ապա, ըստ ՌԴ մաքսային օրենքի՝ մեքենան պիտի ենթարկվի զննման։
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 304 հոդվածի 5-րդ կետը սահմանում է հետևյալը․ «այն բեռները, որոնք ԵԱՏՄ անդամ մի երկրից գնում են մեկ այլ անդամ երկիր և անցնում են մի երրորդ երկրով, որը ԵԱՏՄ անդամ պետություն չէ, դա լինի ծովային ճանապարհ, թե ցամաքային ճանապարհ, ապա պարտադիր պետք է էլեկտրոնային հայտարարագիր լրացվի բեռնափոխադրող կազմակերպոււթյան կողմից», ոչ թե նախկինի պես բեռն ու փաստաթղթերը տան վարորդին ու ասեն՝ ինքդ գնա ու սահմանին հայտարարագրի ու անցի սահմանը։
Խոշոր ընկերությունները հիմնականում իրենք են հենց լրացնում, իսկ մանր ընկերությունները տալիս են վարորդին, և վարորդն ինքն էր գալիս հասնում սահման, փաստաթղթերը ձևակերպում ու անցնում, բայց հիմա օրենքը պարտադրում է, որ բեռնափոխադրող ընկերությունն ինքը պատրաստի ու ուղարկի այդ էլեկտրոնային հայտարարագիրը ու վարորդին էլ ասի՝ դու հանգիստ կարող ես լինել, բոլոր հարցերը լուծված են։
Հիմնական խնդիրն ու փոփոխությունը սա է, որին բազմաթիվ կազմակերպություններ ու վարորդներ պարզապես տեղյակ չեն եղել, որից էլ հենց օգտվել է ռուսական կողմը, ու ենթադրում եմ, որ արդյունքում էլ փորձել է գնալ կոռուպցիոն գործարքների։
Ռուսական կողմն էլ իր հերթին ունի իր մեղավորությունը, որ չի փորձել նախապես տեղեկացնել այս փոփոխությունների մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց Մակար Առաքելյանը։
Վերջինիս խոսքերով՝ երբ հայաստանյան բեռնափոխադրողներն այս կամ այն պատճառով հաճախակի խնդիրներ են ունենում Լարսի անցակետում, դա տնտեսական և նյութական բավականին լուրջ ու բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա, ինչպես նաև հարկային և մաքսային մուտքերի վրա։
«Լարսի ճանապարհով բեռներ են արտահանվում ոչ միայն ԵԱՏՄ երկրներ, այլև Լարսի մաքսակետով եվրոպական երկրներից ենք բեռներ ներկրում դեպի Հայաստան»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։







































