Հայաստանում երեխաների հանդեպ սեռական բռնությունների թիվը ոչ թե շատացել է, այլ պարզապես դրանց լուսաբանումն է հաճախակիացել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց իրավաբան Մարիաննա Եղիազարյանը:
«Ամերիկյան պրակտիկան ցույց է տալիս, որ մանկապիղծները պատժվում են առավելագույն խստությամբ՝ 20-22 տարի: Այնինչ հայաստանյան օրենսդրության պայմաններում՝ ընդամենը 8-15 տարի: Ասվածի վառ ապացույցը Սերոբ Տեր-Պողոսյանի դեպքն է, ով կատարած հանցանքի համար դատապարտվեց ընդամենը 15 տարվա ազատազրկման»,- հիշեցրեց նա՝ հավելելով, որ Հայաստանում երեխաների հանդեպ սեռական բռնություններին վերաբերող վիճակագրություն չկա:
Իրավաբանի խոսքով՝ առանձին մտահոգության տեղիք են տալիս թափառաշրջիկ և մանկատան երեխաները, որոնք մանկապղծության պոտենցիալ թիրախներ են:
Մարիաննա Եղիազարյանը նաև տեղեկացրեց, որ համաշխարհային պրակտիկայում երեխաների հանդեպ սեռական բռնությունների 58 տոկոսը բաժին է հասնում ընտանիքում գրանցվող բռնություններին, 32 տոկոսը՝ ընտանիքի բարեկամներին և միայն 10 տոկոսը՝ անծանոթներին: «Բացի այդ, ապացուցված է, որ մանկապղծության 80 տոկոսը կատարում են տղամարդիկ»:
Ասուլիսի մյուս բանախոս, հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր հերթին նկատեց, որ երեխաների հանդեպ սեռական բռնությունները անդառնալի հետք են թողնում նրանց ամբողջ կյանքի վրա: «Նրանք պարփակվում են սեփական աշխարհում, դադարում վստահել շրջապատին, դառնում են ագրեսիվ: Անգամ ծնողների կողմից քնքշանքի դրսևորումները այդ երեխաներն ընկալում են որպես իրենց հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկություն: Մանկապղծության զոհ դարձած երեխաները հակում են ձեռք բերում ալկոհոլիզմի, թմրամոլության, անկանոն սեռական հարաբերությունների, դեպրեսիաների հանդեպ, ցածր ինքնագնահատական են ունենում, հաճախ կարող են փախչել տնից, իսկ ահա հասուն տարիքում ինքնասպանություն գործելու հակումներ են ձեռք բերում»,- ասաց նա:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ որքա՞ն մեծ է հավանականությունը, որ մանկապղծության ենթարկված անչափահասները հասուն տարիքում իրենք էլ մանկապիղծ դառնան, հոգեբանը նկատեց, որ վրեժխնդրությունից դրդված՝ նման հակումներ կարող են դրսևորվել սեռական բռնության ենթարկված տղա երեխաների 50 տոկոսի մոտ:
Ամփոփելով՝ Միհրդատ Մադաթյանը նշեց, որ մանկապղծության զոհ դարձած երեխաների ծնողներն աշխատում են ամեն կերպ հասարակությունից թաքցնել իրենց զավակների հետ պատահածը, և այդ է պատճառը, որ նման հարցերով գրեթե չեն դիմում հոգեբանի:









































