Երևանում է հայտնի երգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Պլասիդո Դոմինգո Կրտսերը: Նա վաղը համերգով հանդես կգա Ստեփանակերտի մշակույթի տանը, նոյեմբերի 21- ին՝ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում, իսկ նոյեմբերի 22-ին՝ Մեցցո ակումբում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Պլասիդո Դոմինգոն նշեց, որ առաջին անգամ է գալիս Հայաստան, արդեն իսկ տպավորված է մայրաքաղաքով և հյուրընկալությամբ:
Նա այստեղ կերգի մի քանի երաժշտական ոճերում՝ լատինաամերիկյան, ջազ, արգենտինական տանգո և այլն: «Ղարաբաղում ներկայացվելիք երգերը համահունչ են լինելու իմ նոր ձայնասկավառակին, մի քանի արգենտինական տանգոներ եմ երգելու: Կփորձեմ նաև մի երգ կատարել Շառլ Ազնավուրից»,- ասաց Դոմինգոն:
Նրա հավաստմամբ՝ երաժշտությունը միջազգային լեզու է, որը պետք է լսես սրտով, հոգով հասկանաս, իսկ հանդիսատեսը այն երևույթն է, որը երգչին կամ արարում է, կամ՝ ավերում:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































