Չնայած ՀՅԴ սոցիալիստական` «ընկերվարական գաղափարախոսությանը», ՀՅԴ-ն ԱԺ այս քառօրյայում կողմ քվեարկեց «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրինագծին, որով եկող տարվանից մոտ 200 և ավելի տոկոսով բարձրանալու են շուրջ 600 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարների և պատգամավորների աշխատավարձերը, և դա այն դեպքում, երբ քաղծառայողների աշխատավարձերը բարձրանում են 40, զինծառայողներինը` 10, իսկ թոշակները` ընդամենը 15 տոկոսով:
«Հայ Յեղափոխական Դաշնակցության համոզման համաձայն, ընկերվարության ճանապարհով է, որ մարդկության քաղաքական, տնտեսական և ընկերային զարգացումն օժտվում է արդար և համերաշխ հարաբերություններով: …Ընկերվարությունը առաջադրում է ժողովրդավարության կիրարկումով ապահովել բոլոր քաղաքացիների մասնակցությունը՝ հանուն ընկերային համերաշխության տնտեսական հարաբերությունների կանոնակարգման»,- ասվում է ՀՅԴ ծրագրում:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե ՀՅԴ սոցիալիստական գաղափարախոսությանը չի՞ հակասում այն, որ դաշնակցությունը կողմ քվեարկեց «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» վիճահարույց օրինագծին: «Ո՛չ, մենք ասում ենք միասնական քաղաքականության մասին: Դա եղել է մեր` որպես սոցիալիստական կուսակցություն, ծրագրերի մեջ վաղուց: Սա հիմա իրենք իրացնում են»,- ի պատասխան հայտարարեց Ռուստամյանը: Մեր դիտարկմանը, թե դա սոցիալապես անարդար քաղաքականություն է, քանի որ խիստ անհավասար են աշխատավարձերի բարձրացումները, ՀՅԴ ներկայացուցիչը հակադարձեց. «Հիմա է անարդար վիճակը, երբ որ երկրորդական պատասխանատվություն ունեցող անձնավորությունն ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան նա, ով ավելի պատասխանատու և ավելի մեծ պարտավորությունների ծավալ ունի: Էս համամասնությունն է խախտված: Այդ համակարգն ուղղում է համամասնությունը: Սա շարունակաբար բերելու է աշխատավարձերի բարձրացման, բայց ընդհանուր համակարգով, և խոսքը գնալու է 200 հազարից ավելի մարդու մասին»:
Երբ ՀՅԴ ներկայացուցչին հիշեցրինք, որ օրինագծով պաշտոնյաների աշխատավարձը բարձրանում է 200 տոկոսով, իսկ քաղծառայողներինը` 40, նա հայտարարեց. «Դրանք գործակիցներն են, դրանք այլ հարց է»: Հիշեցրինք, որ ժողովուրդը հենց դա է անարդար համարում և նրան համակարգը չի հետաքրքրում: «Ով որ էդպես է մտածում, նա չի հասկանում, որ համակարգով է ժողովրդի վիճակը լավանալու: Եթե իրենք լավ չեն հասկանում համակարգի նշանակությունը, դա ուրիշ խնդիր է»,- բացատրեց Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյանը նաև չի կարծում, որ սա սոցիալական անարդարության հիմքեր է ստեղծում և ՀՅԴ-ի սոցիալիստական գաղափարախոսությանը դեմ է:
«Ո՛չ, սոցիալիստական գաղափարախոսությունն ասում է արդար վարձատրություն, որը պետք է ուղղակի համապատասխանի մարդու պարտավորությունների ծավալին և պատասխանատվության աստիճանին: Այս հարաբերակցությամբ խախտված է այսօր վարձատրության համակարգն ամբողջությամբ: Մենք ասում ենք` միասնական քաղաքականություն պետք է լինի, որ էս համադրումներն էլ ճիշտ լինեն, և ընդհանրապես բյուջետային հանրային ծառայության մեջ եղած բոլոր անձինք էս տրամաբանությամբ վարձատրվեն: Սա ռեֆորմ է»:
Մեր դիտարկմանը, թե հանրության մի մասը պնդում է, թե սա անարդար ռեֆորմ է և այս տեսքով պիտի չլիներ այդ համակարգը, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց. «Անարդար չի ռեֆորմը: Չի կարող համակարգի մեջ նախագահն ավելի պակաս ստանալ, քան հավաքարարը: Ձեր կարծիքով` դա է արդա՞րը»: Երբ նկատեցինք, թե խոսքը ավելացման չափերի տարբերության մասին է, Ռուստամյանն ասաց. «Խոսքը արդար բաշխման մասին է աշխատավարձերի: Էդ հիմա է անարդար, համակարգ որ եղավ, արդար է լինելու: Ամեն մեկը պետք է ստանա իր արածին համապատասխան»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































