ԱՄՆ բանտերում 3278 բանտարկյալներ ցմահ ազատազրկման են դատապարտված (առանց պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի): Նրանք չեն կատարել որևէ բռնարարք կամ նման հանցագործություն, այլ մասնավորապես՝ կողոպուտներ, մանր իրավախախտումներ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը` վկայակոչելով Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության զեկույցը:
Զեկույցի համաձայն` հայտնի են դեպքեր, երբ մարդիկ ճաղերի հետևում են հայտնվել խանութից մի քանի շինարարական սարքեր կամ բենզին գողանալու համար:
«Այդ հանցագործություններն այնքան լուրջ չեն, որ մարդիկ ազատազրկման դատապարտվեն մինչև մահ, իսկ հարկատուները միլիարդավոր դոլարներ վճարեն նրանց պահելու համար» – նշում են զեկույցի հեղինակները:
Ներկայում ԱՄՆ բանտերում գտնվում է 2.3 միլիոն բանտարկյալ` ավելի շատ, քան աշխարհի ցանկացած երկրում` նշում է պարբերականը:
«Կարծում ենք, որ ցմահ ազատազրկումն առանց բռնության հանցագործությունների դեպքում պետք է չեղյալ հայտարարվի: Պատժի համակարգն անհրաժեշտ է փոխել, քանի որ բացի ակնհայտ անարդարությունից, այն բազմամիլիարդանոց ծախսեր է առաջացնոմ բյուջեից»,- ասվում է զեկույցում:







































